ՀՀ-ն ձեռնպահ է քվեարկել ԵԽ բանաձևի՝ Ուկրաինայի նկատմամբ ռուսական ագրեսիայի մասին պարբերությանը

Հայաստանը ապրիլի 26-ին ՄԱԿ-ում կողմ է քվեարկել Եվրոպայի խորհրդի և Միավորված ազգերի կազմակերպության համագործակցության մասին բանաձևին, որով պայմանավորվում են ամրապնդել համագործակցությունը՝ խթանելու օրենքի գերակայությունն ու ժողովրդավարությունը, խոսքի ու մտքի ազատությունը, պայքարելու ահաբեկչության, թրաֆիկինգի դեմ և այլն։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 122 պետության ներկայացուցիչ, 18՝ ձեռնպահ, 5՝ դեմ, այդ թվում՝ Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան և Բելառուսը։

 

«Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է, և մի շարք ինստիտուտներ, որոնք Եվրոպայի խորհրդի կազմում գործում են, շատ կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման տեսանկյունից, և այդ բանաձևը ևս այդպիսի նպատակներ է հետապնդում և այդպիսի շեշտադրումներ ունի, ուստի տարօրինակ կլիներ, որ Հայաստանը չմիանար այս բանաձևի ընդունմանը», - ասում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը»,- գրել է «Ազատություն» ռադիոկայանը։

 

Հայկական և ռուսական մամուլում, նաև սոցիալական ցանցերում քվեարկությունից հետո լուրեր տարածվեցին, թե Հայաստանը միացել է մի բանաձևի, որում դատապարտվում է Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի և Վրաստանի դեմ, իսկ բուն բանաձևը կոչ է անում փոխհատուցել Ուկրաինային հասցված վնասը։

 

Անցյալ շաբաթ ընդունված այս փաստաթղթում ՄԱԿ-ի ու ԵԽ-ի համագործակցության շրջանակում իսկապես կոչ կա «փոխհատուցում տրամադրել ուկրաինական պատերազմի զոհերին և արդարության առջև կանգնեցնել նրանց, ովքեր խախտել են միջազգային իրավունքը»։

 

Արդյոք այսպիսով Հայաստանը փոխե՞լ է իր դիրքորոշումը և այլևս ձեռնպահ չի քվեարկում Ռուսաստանին ագրեսոր կոչող բանաձևերին, «Ազատությունը» հետաքրքրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահից, որը խորհուրդ տվեց մանրամասները ճշտել Արտգործնախարարությունից։

 

«Ըստ էության, Հայաստանը միացել է ամբողջ բանաձևին, և բանաձևը պետք է ամբողջության մեջ դիտարկել և ոչ թե կենտրոնանալ մեկ պարբերության վրա, որը տարբերվող շեշտադրումներ է պարունակում», - հավելել է պատգամավորը։

Քաղաքականություն

Պատահարներ