Սիմոնյանն Անկարայում քննարկել է Թուրքիայի ԱԳՆ «հարձակումը» Հայոց ցեղասպանության տարելիցին. ԶԼՄ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Անկարա կատարած այցի ընթացքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին Թուրքիայի ԱԳՆ-ի արած հայտարարությանը, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են  ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից։

 

Թուրքիայի ԱԳՆ-ն ապրիլի 24-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որում որոշել էր դատապարտել «հայկական ահաբեկչությունը»: Sputnik Արմենիան ԱԳՆ-ին խնդրել է մեկնաբանել Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունը։

 

«Հարցին անդրադարձ է կատարվել ՀՀ վարչապետի կողմից, ինչպես նաև քննարկվել է ԱԺ նախագահի Անկարա այցի շրջանակներում»,-հայտնել են Հայաստանի արտգործնախարարությունից։

 

Թե ինչ ձևաչափով է դա տեղի ունեցել, գերատեսչությունից չեն հայտնում։ Սակայն ՍԾՏՀ նիստում Սիմոնյանն իր ելույթում այդ թեմային չի անդրադարձել՝ դատելով խորհրդարանի մամուլի ծառայության տարածած տեսագրությունից։ Այն չի եղել նաև ՀՀ ԱԺ խոսնակի և թուրք գործընկերոջ հանդիպման մասին խորհրդարանի հաղորդագրության մեջ։

 

Նշենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի սկզբին մեկնել էր Անկարա՝ ՍԾՏՀ ԽՎ անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների նիստին մասնակցելու: Այցի շրջանակներում Սիմոնյանը հանդիպել էր Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփի հետ:

Քաղաքականություն

Պատահարներ