ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բարբարոսություն` Ծաղկաձորում. օգտատերն ահազանգում է

«Ես հիմա Ծաղկաձորում եմ։ Այն բարբարոսությունը, որը տեղի է ունենում հենց հիմա այստեղ, բառերով ու նկարներով փոխանցել հնարավոր չէ»։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել օգտատեր Էդուարդ Հայրումյանը: 

 

«Քաղաքի փողոցների բարդակն ու անգրագետ իրականացվող շինարարությունը մի կողմ դրած՝ ոչնչացվում է քաղաքի կենտրոնի անգին բուսական ժառանգությունը։ Արմատախիլ են արվում 10-20-30 տարեկան թանկարժեք (անգին) եղևնիները՝ արմատների վրա լցվելով բետոն ու հենց արմատներին շարելով բորդյուրներ»,- գրել է Հայրումյանը։

ՀՀ Կառավարություն, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia, Ծաղկաձորի համայնքապետարան անհրաժեշտ է շտապ կանգնեցնել այս բարբարոսությունը»,- գրել է Հայրումյանը։ 

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Գրողների միության Ծաղկաձորի հանգստյան տանը գտնվող մի խումբ գրողներ երեկ հայտարարություն էին տարածել.

 

«Մենք՝ ներքոստորագրյալ նախաձեռնող խմբի անդամներս, դիմում ենք հայոց մտավորականությանը և բոլոր մտահոգ անձանց՝ հայտարարելով. Ծաղկաձորը նահատակվում է աղետալի արագությամբ` ոչնչացվում են անտառները, ձորակներն ու բնական աղբյուրները՝ իրենց տեղը զիջելով բազմաֆունկցիոնալ բարձրահարկերի: Ո՞ւմ համար են կառուցվում այդ շենքերը, ի՞նչ հիմունքներով, և ո՞ւմ փողերով: Զարմանալիորեն մի կողմ է նետվել կառավարության կողմից 2006 թվականի հուլիսի 10-ի որոշումով օրենքի ուժ ստացած Ծաղկաձոր քաղաքի գլխավոր հատակագիծը, որտեղ հատուկ ձևակերպված է, որ Ծաղկաձորում երեք-չորս հարկից բարձր շենքեր կառուցելն արգելվում է: Այնինչ այսօր արդեն կառուցվել կամ կառուցման ընթացքի մեջ են մեկ տասնյակից ավելի տասը-տասներկու հարկանի բնակելի շենքեր, որոնք հիմնականում կառուցվում են անտառները ոչնչացնելու ճանապարհով:

 

Առկա աղետից բացի, կան նաև տասնյակ հեկտար անտառապատ տարածքներ, որոնք տարիներ առաջ ապօրինաբար դուրս են գրվել Հայանտառի համակարգից և սեփականաշնորհվել, որոնք այսօր նույնպես կառուցապատման ու ոչնչացման վտանգի տակ են: Սիրելի մտավորականներ, սիրելի մտահոգ անձինք, մի տարի հետո ուշ կլինի, կավարտվի Ծաղկաձորյան ողբերգությունը: Ծաղկաձորը պետք է փրկել այսօր, եթե ոչ` մեր թոռները Ծաղկաձորում ո´չ ծաղիկ կգտնեն, ո´չ ծառ… Ուրեմն, հենց հիմա է պահը՝ հրավիրել մտավորականների համաժողով և դիմել Հայաստանի Գրողների միությանը և ստեղծագործական բոլոր միություններին, որ մասնակցեն համաժողովին, որը կայանա հենց Ծաղկաձորի Ստեղծագործական տանը, որպեսզի բոլորն իրենց աչքերով տեսնեն դաժան իրականությունը` համոզմունքով, որ համաժողովն իր հաստատակամ ուղերձով կդիմի Ազգային ժողովին. շուտափույթ քննել արդեն վաղուց հասունացած խնդիրը և ընդունել օրենք` ԾԱՂԿԱՁՈՐԸ ՀՌՉԱԿԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ, քանի դեռ գիշատիչների խնջույքը չի կտրել հազարամյա վերջին ծառը:

 

Մտահոգությամբ և հավատով` 

Հենրիկ Էդոյան 

Արտեմ Հարությունյան

Մերուժան Տեր-Գուլանյան 

Մովսես Մանուկյան 

Աշոտ Օհանյան

Ժիրայր Դադասյան

 

 քաղաք  ԾԱՂԿԱՁՈՐ»
 


 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ