Մեծամորի ատոմակայանը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին

Հայաստանի ատոմակայանը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին. թիվ 2 էներգաբլոկը գործարկվել է նախանշված ժամանակից շուտ։ Տեղեկությունը հրապարակվել է ՀԱԷԿ–ի ֆեյսբուքյան էջում։

 

«ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը ՊՆՎ-2023-ի (ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգում) ծրագրով նախատեսված էր հուլիսի 18-ին՝ ժ․ 24։00-ին, սակայն անձնակազմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ այն իրականացնել նախատեսվածից շուրջ 4 օր շուտ»,– նշված է հաղորդագրության մեջ։

 

Այսօր` ժամը 02։08-ին, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի 4-րդ, այնուհետև ժամը 04։30-ին նաև 3-րդ տուրբագեներատորները միացել են ՀՀ միասնական էներգահամակարգին։ Դրանով հայտարարվել է ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման ավարտը։

 

Այժմ կայանն աշխատում է բնականոն ռեժիմով 380ՄՎտ հզորությամբ՝ անվտանգության և հուսալիության նորմերի պահպանմամբ:

 

Նշենք, որ մայիսի 5-ին՝ ժամը 01:45–ին, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման` 75 օր տևողությամբ։ Աշխատանքներում ՀԱԷԿ-ի հիմնական արտադրամասերի աշխատակիցներից բացի ներգրավվել էին ատոմակայանների համակարգերի և սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեցող մասնագետներ Ռուսաստանի Դաշնությունից, Խորվաթիայից, Չեխիայից և այլ երկրներից:

Վերանորոգման գործընթացն իրականացվել է ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի մասնագետների վերահսկողության ներքո:

Քաղաքականություն