Հպարտ եմ, որ մարզում եմ այս տղաներին. Հայաստանի հավաքականի մարզիչ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Երևանում Խորվաթիայի հավաքականից կրած նվազագույն հաշվով պարտությունից հետո կիսվել է տպավորություններով, գրում է Armsport.am-ը։
 

«Չհերիքեց վարպետությունը: Մրցակիցը մեզ գերազանցեց վարպետությամբ: Չհասցրինք վերականգնվել, հոգնածութունը իրեն զգացնել տվեց: այսպիսի խաղերի համար գոնե 18 խաղացող պետք է ունենալ: Տղաներին շնորհակալություն հայտնեցի իրենց նվիրվածության համար, հատկապես երկրորդ խաղակեսի համար:
 

Նրանք քայլ առաջ են կատարել: Անկեղծ կասեմ՝ հպարտ եմ, որ մարզում եմ այս տղաներին: Նրանք արեցին այն, ինչ կարող էին: Խնդրում եմ չկշտամբեք տղաներին, քաջալերեք նրանց: Ֆուտբոլիստների մեծ մասը շատ երիտասարդ են . նրանցից ոմանք կարող էին խաղալ երիտասարդական հավաքականում, բայց խաղում են աշխարհի ուժեղագույն թիմերից մեկի դեմ: Նրանք մեծ նվիրումով խաղացին, ինչի համար պետք է շնորհակալություն հայտնենք նրանց»,- ասել է Պետրակովը։

 

Հիշեցնենք, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի D խմբի 6-րդ տուրում Հայաստան – Խորվաթիա հանդիպումն ավարտվեց խորվաթների հաղթանակով՝ 0:1: 

 

Հանդիպման 13-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից գոլի հեղինակ դարձավ Խորվաթիայի հավաքականի խաղացող, «Հոֆենհայմի» հարձակվող Անդրեյ Կրամարիչը։ 

Քաղաքականություն