Ընդդիմադիր պատգամավորները շնորհակալություն են հայտնել, բայց չեն ասել՝ վախեցած եմ․ Միրզոյան

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արտահերթ հարցի տալու իրավունքից օգտվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ով հարցն ուղղեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։


«Երեկվա փակ հանդիպումից հետո մեր ընդդիմադիր գործընկերները նշում էին, թե Դուք վախեցած եք, հնչում են միայն մեր ընդդիմադիր գործընկերների մեկնաբանությունները, կուզենայի նաև անդրադառնանք երեկվա մեր հանդիպմանը, որքանով որ ճիշտ կգտնեք»,- ասաց նա։


Միրզոյանն էլ նշեց, որ բակում որտեղ ինքը մեծացել է՝ քո դիմաց չարտահայտվող բայց հետևից հոխորտացող մարդկանց շատ կոնկրետ քաղաքական գնահատական էին տալիս․


«Ես ձեռնպահ կմնամ այդ գնահատականը հնչեցնելուց, որովհետև հարիր չեմ համարում խորհրդարանին, բայց ես ուրիշ դրվագ եմ հիշում և ուրիշ կերպ։ Ես հիշում եմ՝ երբ ես խոսում էի և պատասխանում էի ընդդիմադիրների հարցերին, նրանք նեղսրտում էին, թե մուննաթ եմ գալիս իրենց վրա, մեղադրական տոնով եմ խոսում, նաև շնորհակալություն էին հայտնում, բայց ոչ մի կերպ չեմ հիշում, որ որևէ մեկն ասեր՝ էս ինչ վախեցած եք խոսում, պարո՛ն Միրզոյան»,- պատմեց նա։


Նա նաև նշեց, որ երեկ ինքը օգտվելով հնարավորությունից, որ նիստը փակ է և այն ինչ կասվի ի կողմից հասանելի կլինի միայն Հայաստանի քաղաքական դաշտին և հասանելի չի լինի այլ մայրաքաղաքներ՝ փորձեցի ռացիոնալ բացատրություն տալ կամ երկխոսություն ծավալել նրանց հետ՝ բացատրելով որ ՀՀ-ն բանակցություններում և առաջին հերթին սահմանազատման վերաբերյալ բանակցություններում կարող է հենվել միայն լեգիտիմության հիմքերի վրա։


«Մենք չենք կարող մեզ թույլ տալ և մեզ պետք էլ չէ հիմնավորել բաներ, որոնց իրավական հիմքերը չունենք։ Էդ մարդիկ էլ ընդունում էին, որ ՀՀ սահմանի գոյությունը, որոշ գործընկերներ իրենցից գիտեին՝ այդ սահմանը որտեղով է անցնում և նիստից հետո այդ հոխորտանքները անիմաստ եմ համարում»,- եզրափակեց նա։


Հիշեցնենք, որ երեկ ընդդիմության հրավերով նիստ էր կայացել, որին մասնակցում էր նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նիստը դռնփակ է կայացել։


Նշենք, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանն է նշել, որ Արարատ Միրզոյանը վախեցած է եղել։

Քաղաքականություն