Բեգոյանն՝ իր աշխատակցին Ֆեյսբուքում Մարությանի գրառումը «լայքելու» համար նկատողություն տալու մասին

Ես նկատողություն չեմ տվել աշխատակցին, կեղծիք է տարածվում: Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝ արձագանքելով հարցին, թե նկատողությո՞ւն է տվել իր աշխատակցին՝ Ֆեյսբուքում Հայկ Մարությանի գրառումը «լայքելու» համար:


Դիտարկմանը, որ հրապարակվել է դրա վերաբերյալ գրությունը, Բեգոյանն ասաց. «Գոյություն ունի աշխատանքային օրենսգիրք եւ երբ աշխատակիցը ինչ-որ բան է կատարում, նույնիսկ ուշանում է աշխատանքից, ապա պետք է աշխատակցից գրությամբ բացատրություն պահանջես ուշանալու համար, եւ այդ գրության մեջ պետք է նշես, որ կախված իր պատասխանից հնարավոր է՝ լինեն կարգապահական տույժեր, ինչն էլ արվել է»:


Հարցին՝ ի՞նչ է արել այդ աշխատակիցը, նա պատասխանեց. «Մանիպուլացվում է «Ազգային առաջընթաց»-ի՝ այժմյան ղեկավարի կողմից: Աշխատակիցն ասում է, որ ես քաղաքական հայտարարության տակ լայք եմ դրել, բայց դա այդպես չէ, դա քաղաքական հայտարարություն չէ: Իմ ուշադրությունը հրավիրել են իր կոլեգաները՝ Թափոնների վերամշակման վարչության աշխատակիցները, մոտեցել են և ասել, որ կա խնդիր, ցույց են տվել սոցիալական ցանցերում իրենց կոլեգայի արածը՝ դրանք գնահատելով վիրավորական: Իրար նույնիսկ չեն բարևում, որովհետև տվյալ աշխատակիցը, հավանության արժանացնելով, օրինակ, Հայկ Մարությանի գրառումը, փաստացի իր կոլեգաներին համարում է խուլիգան:


Որպեսզի վիճաբանություն չառաջանա, ես աշխտակիցներին խիստ հրահանգել եմ որևիցե հարաբերություն չպարզել իրենց այդ կոլեգայի հետ և ասել, որ կկիրառեմ աշխատանքային օրենսգրքով սահմանված համապատասխան գործառույթներ, ինչն էլ որ արել եմ»:


Նրա խոսքով՝ քաղաքական գրառումներին լայքելը յուրաքանչյուր մարդու գործն է. «Ինքը միշտ էլ լայքել է քաղաքական հայտարարությունների տակ, դա իր գործն է: Բայց «Ազգային առաջընթացից» ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը իր էջում տեղադրել է իմ նկարը և գրել՝ «այս ստահակը»: Որտե՞ղ եք տեսել մի հիմնարկի աշխատակից, որը հավանության է առաջացնում իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը: Այնուհետև Հայկ Մարությանը Թումանյան փողոցում տեղի ունեցած հանրահայտ դեպքերի ժամանակ՝ քաշքշուկի, տեղադրում է իր էջում տեսանյութը՝ գրելով՝ «Կանաչապատման խուլիգանները»: Ու այդ աշխատակիցը հավանության է արժանացնում Մարությանի այդ գրառումը: Հետևապես մեր աշխատակիցը բացառապես սուտ է խոսում, խոսքը չի վերաբերում քաղաքական հայտարարությանը հավանելուն, խոսքը վերաբերում է կազմակերպության ղեկավար կազմին և իր կոլեգաներին վիրավորական բոլոր արտահայտությունների տակ հավանություն դնելուն»:


Նա հավելեց, որ իր գրությանը այդ աշխատակիցը պատասխանել է. «Հիմա ես պետք է այդ պատասխանն ուսումնասիրեմ եւ ըստ այդմ որոշում կայացնեմ: Կկիրառեմ կարգապահական տույժ՝ նկատողությունը, թե ոչ, այս պահին չեմ կարող ասել»:


Բեգոյանի խոսքով՝ այդ աշխատակցի հարազատ եղբայրը աշխատում է իր ղեկավարած կազմակերպությունում և համարվում է բավականին լավ աշխատակից. «Այնպես որ, եթե խնդիր կա, ապա ինչո՞ւ իր եղբայրը մշտապես արժանանում է գովեստի, ինքը՝ հակառակը, ստեղ ձերոնքականի ու մերոնքականի բան չկա»:


Հիշեցնենք, որ օրերս Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, համաձայն որի՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը նամակ է ուղարկել իր աշխատակցին՝ տեղեկացնելով, որ վերջինը հավանություն է տվել իր ֆեյսբուքյան գրառմանը, ինչով «անհարգալից վերաբերմունք է դրսևորել» կազմակերպության հանդեպ։


Քաղաքականություն