Հակոբ Ասլանյանը ներկայացրեց տրանսպորտում տեղի ունեցած միջադեպը

Լուրջ եք ասո՞ւմ: Այսպես այսօր ԱԺ-ում արձագանքեց ՔՊ-ական պտգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով նախօրեին տրանսպոտում իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին լրագրողների պնդմանը, որ այդ երիտասարդը հայտարարել է, որ պատգամավորն իրեն հարվածել է:


«Նախ, քննություն է գնում: Այդ երիտասարդը անցել է բոլոր սահմանները եւ օրենքի առջեւ պետք է պատասխան տա»,-ասաց նա:


Ներկայացնելով տեղի ունեցած միջադեպը, պատգամավորն ասաց. «Այնտեղ պարզ երեւում է, ես բարձրանում եմ, որ գնամ վճարեմ, իջնեմ, ինքն իմ ճանապարհը փակում է եւ սկսում է այնպիսի բառեր արտաբերել, որ էլ ասելու չի: Նույնիսկ այդ պայմաններում ես իրեն ասում եմ՝ ճանապարհ տուր ես իջնեմ, բայց նա չի թողնում: Եվ այդ ժամանակ ես հրում եմ իրեն ու անցնում եմ: Այդքան բան: Դրան տրվելու է իրավական գնահատական: Դա ուղղորդված մոտեցում էր»:


Դիտարկմանը, որ երբ Ալեն Սիմոնյանը թքել էր քաղաքացու վրա, դա ներկայացվեց որպես էմոցիոնալ պոռթկում, ինչո՞ւ այս դեպքում էլ այդպես չի որակվում, Հակոբ Ասլանյանը պատասխանեց. «Դա էմոցիոնալ պոռթկում չէ, դա հստակ կանխամտածված մոտեցում է: Դրանք տարբեր դաշտեր են: Ես հանգիստ ինձ համար նստած եմ, գալիս եմ, որ իջնեմ, ինքն իմ դեմը փակում է եւ սկսում է վիրավորել: Իր փաստաբաններն ասում են՝ մենք դեմոկրատական երկրում ենք ապրում: Բայց դեմոկրատիայի դեպքում ձեր իրավունքն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է իմ իրավունքը: Չի կարելի ասել՝ ես դրա իրավունքն ունեմ, բա ես ինչի՞ իրավունքն ունեմ: Երկրորդ, նա նկարահանելու իրավունք չուներ, նկարահանել, նշանակում է մտնել իմ սեփական տարածքը: Ասում են՝ ամբողջ Եվրոպյում էլ պապարացիները նկարում են, ես էլ ասացի՝ դրա համար իրենց գլուխը ջարդում են: Այո, թող խոսեր, թող ինչ-որ բան ասեր, բայց ինքը նկարում էր»:


Հիշեցնենք՝ երեկ հանրային տրանսպորտում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի և ակտիվիստ Սամվել Վարդանյանի մասնակցությամբ, որն ուղեկցվել է փոխադարձ հայհոյանքներով։ Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, պատգամավորին վիրավորած երիտսարդը ձերբակալվել է:


Միջադեպին անդրադարձել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։



Քաղաքականություն