Ճնշումը կշարունակվի․ Սալիվան

Վաշինգտոնն առաջիկա օրերին Թեհրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանի՝ ուղղված հրթիռների, անօդաչու թռչող սարքերի մշակման իրանական ծրագրերի, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈՒ էլիտար զորամասեր) և ԻԻՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող ընկերությունների դեմ: Այս մասին ասված է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի գրավոր հայտարարության մեջ, որը տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:


Փաստաթղթից հետեւում է, որ Իսրայելին ուղղված իրանական հարվածից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Միացյալ Նահանգների դաշնակիցների եւ գործընկերների, այդ թվում՝ Յոթնյակի խմբի, ինչպես նաեւ Կոնգրեսում երկու կուսակցությունների առաջնորդների հետ մշակում է «սպառիչ պատասխան»:


Սալիվանն ընդգծել է, որ նոր պատժամիջոցները եւ «այլ միջոցները» ուղղված կլինեն Իրանին զսպելուն, կոչված կլինեն «թուլացնել նրա ռազմական հնարավորություններն ու արդյունավետությունը» եւ կանդրադառնան գործողությունների «մի ամբողջ սպեկտրի» վրա, որոնք ԱՄՆ-ն խնդրահարույց է համարում:


«Ճնշումը կշարունակվի», - հավելել Է Սալիվանը՝ նշելով, որ վերջին երեք տարվա ընթացքում Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների տակ է հայտնվել ավելի քան 600 ֆիզիկական և իրավաբանական անձ:


«Մենք կանգ չենք առնի այն բանի առաջ, որ շարունակենք միջոցներ ձեռնարկել մեր դաշնակիցների ու գործընկերների հետ համակարգմամբ ամբողջ աշխարհում եւ Կոնգրեսի հետ, որպեսզի Իրանի կառավարությանը պատասխանատվության ենթարկենք չարամիտ եւ ապակայունացնող գործողությունների համար», - ընդգծել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականը:

Քաղաքականություն