ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էջմիածնի թիվ 11 դպրոցում դասադուլ է․ հայտնի է պատճառը

Էջմիածնի թիվ 11 դպրոցի ծնողները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ դասադուլ են անում։ Նրանք մտահոգված են քաղաքում թափառող շների բարձիթողի վիճակով, ասում են՝ դրանք լուրջ սպառնալիք են հասարակության կյանքին և առողջությանը։


Ինչպես «Ա1+»-ի թղթակցին տեղեկացրել են ակցիայի մասնակիցներից, նույն դպրոցի երկու աշակերտների մայր Անահիտ Մամիկոնյանը, դասադուլը կրթական համակարգի հետ ոչ մի առնչություն չունի։


«Մենք բողոքում, մեր ձայնն ենք ուզում լսելի դարձնել հանուն մեր երեխաների անվտանգության, քանի որ ամբողջ թաղամասը լցված է թափառող շներով։ Շները նույնիսկ մարդկանց են հոշոտել՝ 2 հոգու, ովքեր շատ ծանր վիճակում են գտնվում։ Այդ շները հենց դպրոցի տարածքում են լինում։ Շների հոշոտման երկրորդ դեպքը երկու օր առաջ է գրանցվել»։


Ասել է՝ կատաղած շների պատճառով երեխաներին ստիպված զրկում են խաղահրապարակ կամ խանութ գնալուց։ Սակայն դպրոց չգնալ չեն կարող։


Ակցիայի կազմակերպիչները դպրոցից երթով շարժվել են դեպի համայնքապետարան։


«Քաղաքապետարանում մեզ ընդունեց փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը, ով կիսեց մեզ հետ մեր մտահոգությունը և խոստացավ, որ որպես հրատապ լուծում պահանջող հարց փորձելու են օր առաջ լուծել այն։ Ասել է, որ մարզպետարանում արդեն տեղյակ են խնդրի մասին։ Փոխքաղաքապետը նշեց, որ դա ոչ միայն մեկ թաղամասի, այլև ամբողջ քաղաքի խնդիր է»։


Անահիտ Մամիկոնյանը նաև նշեց, որ վաղվանից երեխաները դպրոց կգնան, սակայն պայմանական են դադարեցնում դասադուլը՝ այս շաբաթվա ընթացքում ակնկալելով խնդրի դրական լուծում։


«Մենք չենք կարող ձեռքներս ծալած նստենք, մեր երեխաների անվտանգությունն առաջնային է։ Միշտ չէ, որ կարողանում ենք ուղեկցել մեր երեխաներին, իսկ երեխաները վախենում են մենակ դպրոց գնալ», - ասել է նա։


Նշենք, որ Էջմիածնում Չարենցի փողոցում թափառող 4 շներ հարձակվել էին տարեց կնոջ վրա, ինչի հետևանքով կինն առողջական ծանր վնասվածքներով, անգիտակից վիճակով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նրա թևն անպուտացրել էին։

Քաղաքականություն

Պատահարներ