Արդյո՞ք Կրեմլում տեսնում են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցման ռիսկեր. Պեսկովը պատասխանել է

Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) երկրների ինտեգրումն ապահովում է մասնակից երկրների առաջանցիկ զարգացումը, և այն շարունակելը նրանց շահերից է բխում: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսպես է պատասխանել լրագրողի այն հարցին, թե արդյոք Կրեմլում տեսնում են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցման ռիսկեր:


«Ինքնին ինտեգրացիոն գործընթացը շատ հաջող է, ապահովում է առաջանցիկ զարգացում մասնակից երկրների համար։ Եվ մասնակից երկրները դա գիտեն։ Եվ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում այս ինտեգրացիոն գործընթացի մասնաբաժինը, անկասկած, շատ նկատելի է»,-ասել է Պեսկովը լրագրողներին։


Նա հավելել է, որ մասնակից բոլոր երկրների շահերից է բխում շարունակել զարգացնել այդ միավորումը։


Նշենք, որ Հայաստանի տնտեսության 35 տոկոսն «իրացվում է» դաշինքին մասնակցության հաշվին։ 2023 թվականին Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմել է 20 մլրդ դոլար, որի 37 տոկոսը բաժին է ընկնում ԵԱՏՄ երկրներին, 13%-ը՝ ԵՄ-ին, 3%-ը՝ ԱՄՆ-ին։


Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցում է 2015 թվականի հունվարի 2-ից: Ներկայում ԵԱՏՄ-ին անդամակցում է հինգ պետություն` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը։

Քաղաքականություն

Պատահարներ