Երևանում 56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը

Ապրիլի 28-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը՝ ժամը 23։00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 4-րդ բաժանմունքի ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ գտնվել են Սայաթ Նովա և Մաշտոցի պողոտաների խաչմերուկում, որտեղ նկատել են, որ մի քաղաքացի գողանում է նշված վայրում նվագելու միջոցով գումար վաստակող քաղաքացու դիմաց դրված մետաղադրամներով լցված արկղը և դիմում փախուստի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ 


Նշվում է, որ ոստիկանները, անմիջապես հետապնդելով վերջինիս, ով իր մոտ եղած արկղը փախուստի ժամանակ նետում է, կարողանում են բռնել և կողոպուտ կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ պարզվում է, որ վերջինս հանդիսանում է Երևանի բնակիչ 56-ամյա Արսեն Հ․-ն:


Կայքի տեղեկություններով՝ կողոպուտի վերաբերյալ ոստիկանություն է ահազանգել Երևանի բնակիչ 54-ամյա Ռոբերտ Մ․-ն և հայտնել, որ Սայաթ Նովա և Մաշտոցի պողոտաների խաչմերուկում, իրեն անհայտ անձը նվագելու ժամանակ իր դիմացից բացահայտ հափշտակել է մետաղադրամներով լցված արկղը:


Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնականի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ «կողոպուտ»-ի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։



Քաղաքականություն

Պատահարներ