Մանրամասներ Դոն Պիպոյի, Օշականցի Գևորիկի, Զապի սպանության նախապատրաստման գործով
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (Էջմիածնի նստավայր) դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ այսօր մերժել է քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան), «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի (Գեւորգ Մելիքյան), եւ Զապի (Անդրանիկ Սողոյան) սպանության նախապատրաստման գործով ամբաստանյալին պատգամավորների անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը: Այս մասին հայտնում է mitk .am-ը։ Լրատվականը նշում է, որ խոսքը ամբաստանյալ Զոհրաբ Ղումաշյանի մասին է. նրա համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել ԲՀԿ-ական պատգամավորներ Արթուր Դալլաքյանը, Ջանիբեկ Հայրապետյանը եւ Քաջիկ Գեւորգյանը: Ղումաշյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը լրատվականին փոխացել է, որ նախորդ նիստին իր պաշտպանյալին 5 միլիոն դրամ գրավով ազատելու միջնորդություն է ներկայացվել, սակայն դատարանը մերժել է այն: «Նախորդ դատական նիստին ներկայացրել էինք 5 միլիոն դրամ գրավ կամ գրավի այն չափը, որը անհրաժեշտ կհամարեր դատարանը, այսինքն՝ ցանկացած չափի հարազատները ազգականները պատրաստ էին մուծել, սակայն դատարանը բավարար չհամարեց գրավը որպես բավարար երաշխիք պատշաճ վարքագծի դրսեւորման…: Ընդհանրապես անդրադարձ չկատարեց մեր հիմնավորումներին՝ այն հանգամանքին, որ Զոհրաբ Ղումաշյանը ձերբակալվել է, այնուհետեւ կալանավորվել է ընդամենը ամբաստանյալների այն ցուցմունքների հիման վրա, որոնք տվել էին բռնությունների, ճնշման ներքո: Այսինքն որեւէ իրեղեն ապացույց նրա մոտ չէր հայտնաբերվել, նրա կապը ամբաստանյալների հետ որեւէ այլ փաստական հանգամանքով կամ ապացույցով չէր հիմնավորվել: Այսինքն, նրա մասով գործը չափազանց թույլ է: Նման պայմաններում ընդհանրապես որեւէ բան հաշվի չառավ եւ գրավը մերժեց»,- նշել է նաՀովհաննիսյանը: Որպես հաջորդ քայլ այսօր պաշտպանական կողմը միջնորդել է պատգամավորների անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Ղումաշյանին: Հովհաննիսյանն ասաց, որ դատարան էին ներկայացել 3 պատգամավորները, հայտնել, որ ճանաչել են Զոհրաբ Ղումաշյանին որպես ադեկվատ անձնավորություն, նորմալ դրական բնութագրվող անձնավորություն, միաժամանակ նշել են նաեւ, որ դատարանը եթե կբավարարի իրենց միջնորդությունը, կձեռնարկեն բոլոր միջոցները, որպեսզի ապահովեն նրա պատշաճ վարքագիծը, կտեղավորեն մշտական աշխատանքի: Վահան Հովհաննիսյանը հավելել է, որ գործով տուժող ճանաչված անձինք ոչ մի դատական նիստի չեն ներկայացել. խոսքը՝ Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան), «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի (Գեւորգ Մելիքյան), եւ Զապի (Անդրանիկ Սողոյան) մասին է: Հիշեցնենք՝ Դոն Պիպոյի, Օշականցի Գեւորիկի եւ Զապի դեմ նախապատրաստվող սպանության համար 2017թ. մայիսի 24-ին Էջմիածնի բնակարաններից մեկում վնասազերծվել էին Վազգեն Ղազախեցյանը, Արտակ Այվազանը, Արկադի Քոչինյանը: Նրանց սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող անձինք կալանքի տակ են 2017-ի մայիսից: Համաձայն մեղադրանքի` Զոհրաբ Ղումաշյանը քննությամբ չպարզված անձի դրդչությամբ պատվիրել է Արտակ Այվազյանին մի խումբ անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի եւ Արկադի Քոչինյանի հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել երեք անձանց՝ Արթուր Ասատրյանին, Գեւորգ Մելիքյանին եւ Անդրանիկ Սողոյանին՝ ղեկավարելով ու կազմակերպելով սպանությունների նախապատրաստությանն ուղղված գործողությունները, որոնց շրջանակում ապօրինի կեպով ձեռք է բերել, փոխադրել ու պահել հրազեն եւ ռազմամթերք։

Քաղաքականություն

Պատահարներ