ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շիրակի մաքսատանը դրոշից վարագույր են սարքել. Քաղաքացին ահազանգում է
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, քաղհասարակության ներկայացուցիչ Կարեն Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութեր է հրապարակել, որտեղ երևում է, որ, գտնվելով Հյուսիսային մաքսատանը, տեսել է, որ ՀՀ դրոշը ծառայում է որպես վարագույր և բարկացել է դրանից։ «Սա մաքսատան Շիրակի մասնաճյուղն է: Փաստորեն, վարչապետի հորդորները՝ դրոշը ճիշտ օգտագործելու հետ կապված, տեղ չեն հասել։ Երևի վարչապետը պիտի պետին փոխանցի, որ դրոշը չի կարող այն նպատակով օգտագործվել, ինչ որ օգտագործվում է։ Եվ սա այն բանից հետո, երբ աղմկահարույց դեպքեր եղան։Եվ այս մաքսատան պետը ևս պիտի պատժի ենթարկվի, ինչ նախորդները։ Որովհետև սա խոսքերով չէ, ինքն ամեն օր անցնում է ու չի տեսնում այս ամենը»,- նշում է Կարեն Պետրոսյանը։ Տեսանյութում Հյուսիսային մաքսատուն-վարչության ղեկավար Ռուսլան Գրիգորյանն ու Կարեն Պետրոսյանը վիճաբանում են։ Մաքսատան պետը նշում է, որ տեսել է, որ դրոշը այդ վիճակում է, որտեղ պետք է ասել է, և որ դա վարձակալած տարածք է։ Պետրոսյանին հորդորում է գրավոր դիմում ներկայացնել։ Ի պատասխան Կարեն Պետրոսյանն ասում է․ «Ձեր տարիքը, գիտելիքները և փորձը չեն համապատասխանում այստեղ աշխատելու։ Ինչո՞ւ եք անհարգալից խոսում քաղաքացու հետ։ Պիտի սովորեցնեն ո՞նց շփվեք քաղաքացիների հետ, հետո նոր պաշտոններ վստահեն։ Հիմա ես դուրս կգամ, դուք 10 րոպե ունեք, որ դրոշի հարցը լուծեք»։ Հիշեցնենք, որ Արարատյան մաքսատանը ևս նմանատիպ միջադեպ էր եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցելության ժամանակ։ Աշխատասենյակներից մեկում վարչապետը սենյակում տեսել էր ՀՀ դրոշը կեղտոտ, անկյունում դրված, որից բարկացել էր և աշխատանքից հեռացրել սենյակի աշխատակցին։

Քաղաքականություն

Պատահարներ