Թունյանն առաջարկում է ավտոմեքենաների գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի

Սկզբունքի հարց է, բալանսավորված մոտեցում պետք է գտնել համայնքի եկամուտների ու քաղաքացու կոմֆորտի կամ ֆինանսական շարժի հարմարության միջև: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ ՔՊ-ական Բաբկեն Թունյանը՝ «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ:


«Գույքահարկը, որ քաղաքացիները վճարելու են, մենք սահմանել էինք դրա համար ժամանակացույց: Ամբողջական գույքահարկ քաղաքացիները վճարելու են 2026 թվականին: 2024-ին վճարելու են գույքահարկի 50 տոկոսը, 2025-ին՝ 75 տոկոսը:


Կառաջարկեմ հարկադիրի մասը քննարկման առարկա դարձնել, որովհետեւ ստացվելու է, որ մարդ կա, որը ինչ-ինչ ֆինանսական խնդիրներ է ունեցել ու իր հաշիվները կալանքի տակ են և հիմա ուզում է իր մեքենայով տաքսի վարի, որ պարտքերը փակի, իսկ մենք ասում ենք ՝ չէ, մինչև պարտքդ չփակես մենք քո մեքենան տեխզննության թույլ չենք տա իրականացնել։ Այսինքն՝ այդ մարդուն դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ։ Այդ նպատակահարմարությունը պետք է քննարկել»,-ասաց Թունյանը:


Նա առաջարկեց ավտոմեքենաների գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի։


«Սա մեր քաղաքացիներին կազատի բազմաթիվ գլխացավանքներից, քանի որ երբեմն քաղաքացին ամբողջ տարվա գույքահարկը վճարում է տարվա սկզբին, բայց մեքենան վաճառում է ու ընկնում բազմաթիվ թղթաբանությունների մեջ»,– ընդգծեց պատգամավորը։


«ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին այս նախագիծը դրական եզրակացությամբ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման։

Քաղաքականություն

Պատահարներ