Սպասում ենք «Պաժառ» օպերացիայի բացահայտմանը. Նաիրա Զոհրաբյան

Ոստիկանությունը ուղղակի պարտավոր է գտնել «Պաժառ» օպերացիայի հեղինակներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

 

Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․ «Սպասում ենք «Պաժառ» օպերացիայի բացահայտմանը Աբովյանում, քաղաքապետի ընտրության նախօրյակին, ընտրական «Սեքընդ հենդ» տեխնոլոգիաների տրամաբանության շրջանակում, հանկարծ այրվում է մի մեքենա և մի տան դուռ:

 

Այդ տանը, ի դեպ, մանկահասակ երեխաներ կային:

 

Եւ քանի որ այս ընտրական «պրիյոմը» մեր երկրի հերոսական ընտրական ավանդույթներում վաղուց արդեն «սեքընդ հենդ» կլասի էր, բնականաբար, «պաժառի» հերոստրատները չստացան իրենց ծրագրած քաղաքական և բարոյական էֆեկտը:

 

Արտեմիսի տաճարի հրկիզման էֆեկտը չստացվեց ու նրանց անունը, բարեբախտաբար, չի մնա պատմության էջերում:

 

Բայց մեր ոստիկանությունը, որը 1 տարի, մեկուկես ամիս ու մի քանի ժամ արդեն ժողովրդինն է, ուղղակի պարտավոր է գտնել «պաժառի» իդեոլոգիական հորը:

 

Բոլոր հղումները, որ սա Քենեդու սպանության գործից ու 1990 թվականին Գարդներ թանգարանից Ռեմբրանդտի կտավի գողությունից բարդ գործ է, ու ոչ մի կերպ «նյուհերոստրատի» վրա դուրս չեն գալիս, չեն անցնելու:

Մենք համբերատար սպասելու ենք»:

 

Հիշեցնենք՝ հունիսի 8-ին ահազանգ էր ստացվել, որ Աբովյան քաղաքում հրկիզել են քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի նախընտրական շտաբներից մեկի պետի բնակարանն ու մեքենան։

Քաղաքականություն

Պատահարներ