Ինչու է Երևան–Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում ծուխ լցվել

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում «Նորդվինդ» ավիաընկերության ինքնաթիռում ծխի պատճառը եղել է հիդրավլիկ հեղուկի գոլորշիների և յուղի հայտնվելը օդափոխության համակարգում։ Այս մասին հայտնում է tv360ru տելեգրամ ալիքը` հղում անելով Քննչական կոմիտեին։ 

 

Հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Nordwind Airlines ավիաընկերության՝ Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Boeing 737 ինքնաթիռն ընդհատել է թռիչքը, որովհետև օդաչուների խցիկում միացել է ծխի ազդանշանը։ Ուղևորներին սկսել են տարհանել։ Հրմշտոց է սկսվել, որի ժամանակ տուժել են 8 մարդ։

 

Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազության հրապարակած հաղորդագրության համաձայն` ինքնաթիռը թափավազքի փուլում ընդհատել է թռիչքը ժամը 00։55–ին։

 

Անձնակազմը հաղորդել է խցիկում առաջացած ծխի մասին, և դրա հետ կապված՝ թռիչքը դադարեցնելու մասին որոշում է ընդունվել։ Ինքնաթիռում եղել են 173 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, տարհանումը կատարվել է փչովի սանդուղքով։ Օդանավը զննելու ժամանակ բաց կրակ չի նկատվել։

Քաղաքականություն

Պատահարներ