Ցուցադրական գործընթաց՝ դատավորների համար․ պաշտպանը` Դավիթ Գրիգորյանի գործի մասին

Հիմա, կարծեմ, ընթանում է փորձաքննություն՝ համակարգիչների հետ կապված: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Գրիգորյանի դեմ առաջադրված մեղադրանքին: Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են: ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել դատավոր Դավիթ Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով։ 

Փաստաբան Երվանդ Վարոսյանը նշեց, որ ներկայումս նույն իրավիճակն է, ինչ մեղադրանք առաջադրելուց հետո և որևէ քննչական գործողություն, որին որ պետք է մասնակցի Դավիթ Գրիգորյանը, դեռ չի իրականացվել: «Այսօրվա Հայաստանում ամեն ինչ կարող է տեղի ունենալ, ամեն ինչի ակնկալիք ունենք»,-ասաց նա: 

Փաստաբանը կարծում է, որ այս ամեն նպատակն այն է, որ Ռ. Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխած դատավոր Դավիթ Գրիգորյանն անպայման պատժվի իր կայացրած որոշման համար. «Արհեստական գործընթաց է, որը փորձ է արվում քողարկել ինչ-որ պաշտոնեական կեղծիքի տակ: Կեղծիք չկա և եթե լիներ էլ, այն տեսքով, ինչ տեսքով որ ներկայացնում է մեղադրանքի կողմը, դա առհասարակ քրեորեն պատժելի արարք չէր էլ լինի»: 

Ըստ Երվանդ Վարոսյանի` ներկայիս իշխանության համար վտանգ ներկայացնում է ոչ թե դատավոր Դավիթ Գրիգորյանը, այլ հնարավոր, ենթադրյալ բոլոր այն դատավորները, ովքեր ունակ են ինքնուրույն որոշում կայացնել: 

«Ցուցադրական գործընթաց է, որպեսզի բոլոր դատավորները ականջներին օղ անեն, թե ինչ կպատահի իրենց հետ նմանատիպ իրավիճակներում»,-ասաց նա: 
 

Քաղաքականություն

Պատահարներ