Հայաստանում կհեռարձակվի Մխիթարյանի նոր ակումբի՝ «Ռոմայի» խաղերը

 «Արմենիա» հեռուստաընկերությունն իտալական «Ռոմայի» հանդիպումները վերահեռարձակելու իրավունք է ձեռք բերել: Sputnik Արմենիային այս մասին հայտնել է հավաստի աղբյուրը։

 

Պարզվում է` A սերիայի հանդիպումների հեռարձակման հարցում խնդիր է ծագել, որը կապված է թուրքական ընկերության հետ: Մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը Sputnik Արմենիային ներկայացրեց խնդրի մանրամասները։

 

«Երկար դադարից հետո, 2018-19 թթ Իտալիայի ֆուտբոլի առաջնության A սերիայի հանդիպումների հեռարձակման իրավունքը ձեռք էր բերել հայկական «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը: Բայց այս տարի՝ 2019-20թթ մրցաշրջանի հանդիպումները հեռարձակելու առումով այդ նախաձեռնությունը շարունակել չհաջողվեց, որովհետև առաջացան հեռարձակման հետ կապված որոշակի ոչ տեխնիկական խնդիրներ: Այսինքն՝ խնդիրներ, որոնք ավելի շատ, երևի քաղաքական են»,- նշեց մեր զրուցակիցը:

 

Խնդիրը, ըստ Ռոբերտ Գասպարյանի ներկայացրած պատկերի, հետևյալն է. Իտալիայի ֆուտբոլի առաջնության A սերիայի 2019-20թթ. մրցաշրջանի հանդիպումները Անդրկովկասի տարածաշրջանում հեռարձակելու բացառիկ իրավունքը տրվել է թուրքական SARAN ընկերությանը, որը հեղինակային իրավունքների վաճառքով է զբաղվում: Եվ հայկական հեռուստաընկերության ներկայացուցիչներն այս թուրքական ընկերության հետ փորձել են լուծում գտնել, դեռ նախքան Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխվելը, բայց ապարդյուն:

 

Իսկ Հենրիխի տեղափոխությունից հետո «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը նորից է փորձել թուրքական ընկերությանը բացատրել, որ Իտալիայի առաջնությունն ու կոնկրետ «Ռոմայի» խաղերը հետաքրքիր են Հայաստանի հեռուստադիտողներին, բայց թուրքական կողմը մնացել է անդրդվելի, հետևել է պատասխան, թե իրենց հետաքրքիր չէ Հայաստանում առանձին հեռուստաալիքով A սերիայի վերահեռարձակումը:

 

 

Այսինքն, ոչ մի ֆինանսական կամ տեխնիկական խնդիր, ինչպես հավաստիացրեց մարզական մեկնաբանը, չի եղել:

 

Հիշեցնենք, որ առաջիկա կիրակի` սեպտեմբերի 15-ին, հնարավոր է, մեր Հենրիխ Մխիթարյանին արդեն տեսնենք «Ռոմայի» մեկնարկային կազմում, «Սասուոլոյի» դեմ խաղում: Համենայն դեպս, իտալական մարզական թերթերը տանտերերի հավանական մեկնարկային կազմում նշում են Մխիթարյանին՝ ձախ ենթահարձակվողի դիրքում:

 

Քաղաքականություն

Պատահարներ