Քոչարյանի մոտ քաղցկեղային բջիջ չի հայտնաբերվել. նա շարունակում է մնալ հիվանդանոցում

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը ստացել է Ռոբերտ Քոչարյանի հյուսվածքաբանական (գիստալոգիա) հետազոտության պատասխանը: Ըստ այդմ՝ Քոչարյանի մոտ չի հայտնաբերվել որեւէ քաղցկեղային բջիջ, չարօրակացման միտում: 

 

Այդ մասին մեր զրույցում հայտնեց բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը:  «Կարող եմ ասել, որ ամեն ինչ բարօրակ է: 

 

Ռոբերտ Քոչարյանը գտնվում է վերականգնողական փուլում, կազդուրման ընթացքում, դինամիկան դեպի լավն է գնում»,- մեր զրույցում ասաց ԲԿ տնօրենը:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Քոչարյանը վիրահատության էր ենթարկվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Ինչպես այդ օրը, այնպես էլ այսօր Չարչյանը հրաժարվեց նշել վիրահատության բնույթը:

 

Մեր հարցին՝ հնարավո՞ր է վաղը նա դուրս գրվի, բժիշկը պատասխանեց. «Ոչ, առաջիկա 2-3 օրերին նա հաստատ կմնա այստեղ, որովհետեւ դժվար է առաջ գնում վերականգնումը»:

 

Վաղն, ի դեպ, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նախատեսված է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստը, որը հավանաբար կհետաձգվի Քոչարյանի բացակայության պատճառով:

Քաղաքականություն

Պատահարներ