Նազիկ Ամիրյանը հարցաքննվել է առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործով

571 միլիոն 166.000 դրամ արժողությամբ գույքի հափշտակության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես վկա ոստիկանության 6-րդ վարչությունում հարցաքննվել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը:

 

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Ամիրյանի փաստաբան Գուրգեն Գրիգորյանը՝ նշելով, որ դրանից հետո որեւէ այլ քննչական գործողություն իր վստահորդի մասնակցությամբ տեղի չի ունեցել:

 

Օրեր առաջ ոստիկանությունն ու դատախազությունը հաղորդագրություն էին տարածել՝ նշելով, որ պարզվել են «Հայապակի» ընկերության գույքը առերեւույթ հանցավոր սխեմաներով օտարելու, խարդախությամբ հափշտակելու հանգամանքները:

 

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ կառավարության 2001 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ Բյուրեղավանում գտնվող «Հայապակի» ընկերության 573.733.000 դրամ արժողությամբ՝ 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասերը ուղղակի վաճառքի պայմանագրով 145.000.000 դրամով օտարվել են Էջմիածնի բնակիչ մի կնոջ, որը կանխամտածված չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները, ինչի հետեւանքով 2003 թվականի դեկտեմբերին ընկերությունը դատարանի վճռով սնանկ է ճանաչվել: Մեր տեղեկություններով՝ խոսքը Նազիկ Ամիրյանի մասին է:

 

Սնանկ ճանաչվելուց հետո, ըստ պաշտոնական հաղորդագրության, առանց որեւէ փաստական հիմնավորման՝ ընկերության 717.166.000 դրամ արժողությամբ գույքը գնահատվել է անհամեմատ ցածր՝ 121.347.000 դրամ եւ կազմվել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ակնհայտ կեղծ գնահատման հաշվետվություն, ինչից հետո աճուրդով սնանկ ճանաչված ընկերության ամբողջ գույքը 121.347.000 դրամով ձեռք է բերել աճուրդի միակ մասնակից այն ընկերությունը, որը Էջմիածնի բնակչուհին իր մտերիմներից մեկի անվամբ նախապես հիմնադրել էր: Արդյունքում, Էջմիածնի բնակչուհին 717.166.000 դրամ արժողությամբ գույքի համար վճարելով ընդամենը 266.347.000 դրամ, լուծարային կառավարչի օժանդակությամբ, խաբեությամբ հափշտակել է «Հայապակի» ընկերության 80 տոկոս պետությանն ու 20 տոկոս բաժնետերերին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 571.166.000 դրամ արժողությամբ գույքը։

 

Նազիկ Ամիրյանի փաստաբան Գուրգեն Գրիգորյանի խոսքով՝ երբ գույքը բալանսային արժեքով գնահատված է եղել մոտ 571 միլիոն, դա իր մեջ ներառել է մեկ գույք, որը ներկրվել է դեռեւս 1992 թվականին՝ խորհրդային ժամանակներից. «Այդ գույքը մեկ րոպե չի աշխատել, հիմա էլ չի աշխատում: Այդ համատեղության մեջ ներառված է եղել նաեւ այն 141 միլիոնը, որով Նազիկ Ամիրյանն ընկերությունը գնել է պետությունից: Եվ 717 միլիոն գրելով՝ փորձել են հասարակական կարծիք ստեղծել, թե Նազիկ Ամիրյանն այդ արժողությամբ գույք է պետությունից խլել»:

 

Գրիգորյանի խոսքով՝ 717 միլիոն արժողությամբ գույք գործով առհասարակ գոյություն չունի. «Կարելի է պարզ հաշվարկ անել. գնահատել գույքի արժեքը, հասկանալ, թե այն որքան է կազմել 2001 թվականին Բյուրեղավանում այն քայքայված վիճակում, որ գտնվել է, հասկանալ՝ արդյոք 141 միլիոն՝ որքան վճարել է Նազիկ Ամիրյանը, արժեր, թե ոչ: Անգամ այդքան չարժեր»:

 

Փաստաբանը հակադարձեց ոստիկանության հաղորդագրության այն պնդմանը, թե Նազիկ Ամիրյանը կանխամտածված չի կատարել իր պարտականությունները, չի արել ներդրումներ. «Ասում են, թե բալանսային արժեքը եղել է 571 միլիոն, բայց որեւէ բան չեն ասում այն մասին, որ 143 միլիոնը վճարվել է գույքը գնելու համար, եւ այն մասին, որ միայն 2001 թվականին կատարվել է, եթե չեմ սխալվում, 71 միլիոնի ներդրում: Գրել են, որ չեղած բանը հափշտակել է, մինչդեռ դրա տեղը ներդրումներ է արել»:

 

Հարցին, թե այդ պարագայում ընկերությունն ինչու է գնացել սնանկության, Գուրգեն Գրիգորյանը նշեց, որ եղել են նախկինում կուտակված աշխատանքային պարտքեր. «Աշխատանքային պարտքերն այնքան շատ են եղել, որ իր միջոցներից թե դրանք է վճարել, թե աշխատավարձերը, բայց էլի չի կարողացել պահել: Դրանք նախկինում՝ մինչեւ իր գնելը եղած պարտքերն են: Ամբողջ ներդրման ընթացքում դիմել է մինչեւ  երկրի վարչապետ, խնդրել է, որ իրեն վարկ տրամադրեն, որ գործարանը ոտքի կանգնեցնի, որովհետեւ նրա գնելուց հետո գործարանը շահագործվել է: Ի դեպ, հիմա էլ շահագործվում է, բայց դրան էլ ոչ ոք ուշադրություն չի դարձնում»:

 

Գրիգորյանի պնդմամբ՝ եթե 2001 թվականին Նազիկ Ամիրյանը չգներ ընկերությունը, 2010 թվականին դրանից մնացած կլիներ մի կիսատ շինություն, որը կունենար 0 արժեք եւ ոչ մեկին պետք չէր լինի. «Պատկերացրեք՝ մարդը միտումնավոր ուզի սնանկացնել մի բան, որի վրա ինքը 320 միլիոն գումար է ծախսել: Այդ գումարները ծախսելու իմաստը ո՞րն էր, եթե հետո պիտի սնանկացներ եւ վաճառեր: Եվ հետո, երեք տարի նա պայքարում էր հարկային տեսչության դատական հայցերի դեմ»:

 

Գրիգորյանը նշեց նաեւ, որ ընկերության հետագա վաճառքից Նազիկ Ամիրյանն արդեն տեղյակ չի եղել. «Նա չէր էլ կարող տեղյակ լինել, որովհետեւ դա իր գործառույթը չէր: Որպեսզի հիմնարկությունը չմասնատվեր, խնդրել էր, որ աճուրդի մասնակցեն, քանի որ առանց դրա էլ մասնատված հիմնարկությունը չէր կարող աշխատել: Դա եղել է հարկադիր աճուրդ: Հարկադիր կատարման ծառայության աճուրդը տեղի է ունենում հրապարակային, եւ եթե մեկը ցանկանար մասնակցել, կարող էր մասնակցել»:

 

Փաստաբանը բացառեց, թե Նազիկ Ամիրյանն իր լծակներով կարող էր դա կանխել. «Եթե այդպես ասեն, դա էլ է բացառված, որովհետեւ եթե նման բան լիներ, այդ գործընթացն առհասարակ տեղի չէր ունենա, ինչ-որ մեկին ուզենար վաճառել՝ հանգիստ կվաճառեր, էլ ինչու՞ կտաներ սնանկության»,- ասաց Գրիգորյանը եւ հավելեց. «Այդպես չի կարել, այդպես քրեական գործեր չեն քննում, անկախ նրանից, թե ովքեր են քրեական գործով անցնում, եւ ում անունն է շոշափվում: Այլապես կստացվի այն հայտնի ֆիլմի պես, թե ահա կհասնեն նաեւ մեր տներին»:

 

Նշենք, որ Նազիկ Ամիրյանը մեկ այլ գործով մեղադրյալի կարգավիճակ ունի. նա մասնավորապես մեղադրվում է Մանվել Գրիգորյանի որդու՝ Ա. Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու եւ իրենց պատկանող տներից մեկում պահելու, ինչպես նաեւ հափշտակության համար:

Քաղաքականություն

Պատահարներ