Ռուսաստանի ԱԳՆ–ը ցավակցություն է հայտնել Սիրիայում հայ քահանայի մահվան կապակցությամբ

Զախարովան ընդգծել է, որ Սիրիայում հնարավոր է վերջ դնել ահաբեկչությանը միայն այն դեպքում, եթե Դամասկոսի օրինական կառավարությունը վերահսկի երկրի ամբողջ տարածքը։

 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայինների հարձակումների հետևանքով մահացած ՀԱԵ քահանայի հարազատներին։ Այդ մասին հինգշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

Հիշեցնենք` նոյեմբերի 11-ին, Սիրիայում ահաբեկիչները սպանել են Կամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Աբրահամ Պետոյանին: Նրանք իրենց մեքենայով ուղևորվելիս են եղել Դեր Զոր` կաթողիկե եկեղեցու վիճակը պարզելու համար։ Ահաբեկիչները կրակ են բացել մեքենայի ուղղությամբ: Հրաձգության հետևանքով Հայ Կաթողիկե համայնքի հովվապետի հայրը տեղում մահացել է, րոպեներ անց էլ մահացել է հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանը: Ահաբեկիչների կրակոցների հետևանքով մեքենայում վիրավորվել է Հասիչեի եկեղեցու սարկավագ Ֆաթի Սանոն:

 

«Մենք անկեղծորեն ցավակցում ենք Սիրիայում մահացածների հարազատներին և հայ համայնքին։ Սիրիայի կառավարության վերահսկողությունից դուրս գտնվող շրջաններում շարունակվող ահաբեկչական գործողությունները և քրիստոնյաների հանդեպ բռնությունը տարակուսանք ենք առաջացնում»։

 

Զախարովան ահաբեկիչների գործողությունները որակել է որպես դաժան հանցագործություն։ Նրա խոսքով` դա վկայում է այն մասին, որ ահաբեկչական կազմակերպությունները շարունակում են սանձարձակություններ կատարել այդ տարածքներում։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ «նրանց դեմ պետք է պայքարել, այլ ոչ թե զրույցներ վարել»։

 

Զախարովան ընդգծել է, որ Սիրիայում ահաբեկչությանը վերջ տալ հնարավոր է միայն այն դեպքում, եթե Դամասկոսի օրինական կառավարությունը վերահսկի երկրի ամբողջ տարածքը։

 

Նոյեմբերի 12–ին ՀՀ արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է Սիրիայի Դեր Զոր նահանգում կատարված ահաբեկչական գործողությունը, որի հետևանքով դաժանաբար սպանվել են Կամիշլիի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանն ու նրա հայրը՝ Աբրահամ քահանա Պետոյանը, վիրավորվել է եկեղեցու սարկավագը: Հայտարարությունում նշվում է, որ վերջին ամսվա ընթացքում Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող ռազմական ներխուժումը և դրա արդյունքում ակտիվացած ահաբեկչական գործունեությունը հատկապես խոցելի են դարձնում քաղաքացիական բնակչությանը, այդ թվում ազգային և կրոնական փոքրամասնություններին։ Ինքնության հողի վրա շարունակվող հետապնդումներն ու սպանությունները վճռականորեն պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից։

 

Քաղաքականություն

Պատահարներ