Ադրբեջանի ԱԳՆ-ի հերթական մանիպուլյացիան Խոջալուի դեպքերի և Փաշինյանի ելույթի վերաբերյալ

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը նոյեմբերի 21-ին մեկնաբանել է Միլանում ադրբեջանցի «բլոգերի», իսկ իրականում Ադրբեջանի ուժային կառույցների աշխատակցի հետ հարցուպատասխանի ընթացքում Խոջալուի միջադեպի վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունները:

 

Լեյլա Աբդուլլաևան կրկին իբրև հակափաստարկ մեջ է բերել բրիտանացի հետազոտող Թոմաս դե Վաալի հետ Սերժ Սարգսյանի հարցազրույցից մի հատված: Ըստ այդ հատվածի՝ Ս. Սարգսյանը նշել է. «Մինչև Խոջալուն ադրբեջանցիները մտածում էին, որ … հայերը ունակ չեն ձեռք բարձրացնելու քաղաքացիական բնակչության վրա: Մենք կարողացանք կոտրել այդ ստերեոտիպը»:

 

Վերոնշյալ հարցազրույցն անցկացվել է 2001 թ.: Այնուհետև միայն այդ հատվածը Թ. դե Վաալը հրապարակել է իր «Սև այգի» գրքում: Անմիջապես հրապարակումից հետո այն դարձել է քարոզչական գործիք ադրբեջանական կողմի համար: Ավելի ուշ, սակայն, Թ. դե Վաալը ստիպված է եղել հրապարակելու հարցազրույցի ամբողջական տարբերակը, որից պարզ է դառնում, որ կոնտեքստում նշված խոսքերն ամբողջովին այլ իմաստ են արտահայտում: Ստորև ներկայացնում ենք այդ հատվածն ամբողջությամբ:

 

«Գիտեք, նման բաների մասին բարձր չեն խոսում: Ասում են, որ հնարավոր է: Ես նույնպես այդպես կվարվեի: Առաջին հերթին Ադրբեջանի նախկին ղեկավարը ասել է, որ դա հայերը չէին, այլ իրենք ադրբեջանցիները: Ասեմ, որ ճշմարտությունը կարող է այլ բանի մեջ լինել:

 

Ամեն դեպքում Խոջալուն որոշ ժամանակ շատ խիստ կերպով զզվեցնում էր ամբողջ Ղարաբաղին, որովհետև այնտեղ էր տեղակայված օդանավակայանը, որովհետև Հայաստանի հետ մեր միակ կապը օդային փոխադրամիջոցն էր, որովհետև այնտեղ տեղակայված էր ՕՄՕՆ-ը (Ադրբեջանի միլիցիայի հատուկ նշանակության ջոկատ): Այնտեղ ինչ-որ բան տնտղում էին, շատ մարդկանց էին ձերբակալում:

 

 Բացի այդ, տեղակայված լինելով անմիջապես Ստեփանակերտի տակ՝ նրանք իրենց թույլ էին տալիս կրակի տակ պահել այն: Բայց, կարծում եմ, որ ամենագլխավորն այլ բան է: Մինչև Խոջալուն ադրբեջանցիները մտածում էին, որ նրանք պարզապես կատակում են մեզ հետ: Ադրբեջանցիները մտածում էին, որ հայերը մարդ են, որոնք չեն կարող ձեռք բարձրացնել խաղաղ բնակչության վրա: 

 

Պետք է էր այդ ամենը կոտրել: Այդպես էլ եղավ: Պետք է նաև հաշվի առնել, որ այդ տղաների մեջ կային նրանք, որոնք փախել էին Բաքվից, Սումգայիթից:

 

Սակայն կարծում եմ, որ ամեն դեպքում շատ բան է ուռճացվել, շատ բան:

 

Ադրբեջանցիներին առիթ էր պետք, որ ինչ-որ բան հավասարեցնեին Սումգայիթին: Բայց սրանք որևէ կերպ չի կարելի համեմատել: Այո՛, Խոջալուում իրոք խաղաղ բնակչություն կար: Սակայն խաղաղ բնակչության կողքին կային նաև զինվորներ: Եվ երբ արկը թռչում է՝ այն չի տարբերում խաղաղ բնակչին զինվորից, այն աչքեր չունի: Եթե խաղաղ բնակչությունը մնում է այդտեղ՝ չնայած փայլուն հնարավորություն կար հեռանալու, նշանակում է՝ այն նույնպես մասնակցում է մարտական գործողություններին … Եվ միջանցքը նրանց թողնվել էր ոչ նրա համար, որ նրանց որևէ տեղ գնդակահարեին, գնդակահարել կարելի էր նաև Խոջալուում, այլ ոչ թե Աղդամի մատույցներում»:

 

Փաստացի հարցազրույցում Ս. Սարգսյանը միայն չի բացառում, որ պատերազմական գործողությունների ընթացքում հրետակոծությունից և քաղաքում ընթացած մարտերի ընթացքում կարող էին նաև բնակիչներ զոհվել հենց Խոջալուում: Ըստ որում, դա այն դեպքում, երբ մինչ այդ Արցախի ինքնապաշտպանության ուժերը հնարավորություն էին տվել տարհանելու բնակչությանը: Այսինքն, անգամ այդ պարագայում պատասխանատվությունը նույնպես ընկնում է Ադրբեջանի այդժամանակյա ղեկավարության վրա, որոնք հրաժարվել են տարհանել բնակիչներին պատերազմական գոտուց:

 

Կարևոր է ընդգծել, որ, ըստ անմիջապես դեպքերի ժամանակ Խոջալուում եղած ռուս լրագրող Վիկտորիա Իվլևայի վկայության՝ բնակավայրում ինքը հաշվել է միայն 7 բնակչի դիակ, այդ թվում մեկը՝ ոստիկանի համազգեստով:

 

Խոջալուի բնակիչների շրջանում զոհերի մարմինների հիմնական լուսանկարները, որոնք տարածում է ադրբեջանական կողմը, արվել են Խոջալուից շուրջ 10 կմ հեռավորության վրա՝ Աղդամում տեղակայված Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» շարժման զինված ստորաբաժանումների դիրքերից ընդամենը 800-900 մ հեռավորության վրա: Ինչպես տեսնում ենք Ս. Սարգսյանի հարցազրույցից, վերջինս հերքում է այն լուրերը, թե նշված անձանց Արցախի ինքնապաշտպանության ուժերի զինծառայողներն են սպանել՝ նշելով, որ եթե ուզենային սպանել, դա կանեին Խոջալուում, ոչ թե Աղդամի մատույցների մոտ: Ադրբեջանական կողմը, սակայն, աշխատում է շրջանցել այս կարևոր հատվածը, և Ս. Սարգսյանի խոսքերը կոնտեքստից կտրելով ներկայացնել իրենց ձեռնտու լույսի տակ:

 

Կարևոր է նաև նշել, որ Խոջալուի միջադեպի ուսումնասիրության ադրբեջանական հանձնաժողովի ղեկավար Ռամիզ Ֆատալիևն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանի կենտրոնական իշխանությունները իրազեկված են եղել հարձակման մասին։ Չնայած սրան, փետրվարի 22-ին Ադրբեջանի նախագահի, վարչապետի, «ԿԳԲ»-ի ղեկավարի մասնակցությամբ անցկացված Անվտանգության խորհրդի նիստում «որոշում է կայացվել մարդկանց չտարհանել Խոջալուից»։ Ռ. Ֆատալիևը հայտարարել է, որ Խոջալուի դեպքերի պատճառ դարձած հիմնական սխալն այդտեղ է թույլ տրվել:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ