Պարո՛ն Մարուքյան, մի սրտնեղեք, իմ ոչ մի նախագիծ չի անցնում, հիմա էլ թող Ձերը չանցնի էլի. Պետրոսյան

Մի տեսակ և ուրախ եմ, և տխուր: Այս մասին ԱԺ-ում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

 

«Ուրախ եմ, որ մենք նախորդ անգամ դեմ էինք արտահայտվում այս օրենքին, որովհետև մեր ազգային անվտանգության խնդիրները ինչքան ավելանում են, մենք պարտավոր ենք աչալուրջ լինել և կարողանալ դիմակայել դրանց: Ես երբեք այն կարծիքին չեմ եղել, որ կապ չունի, թե ԱԱԾ տնօրենն ով է: Իհարկե, կապ ունի, մարդ պետք է պրոֆեսիոնալ լինի իր գործում»,- ասաց նա:

 

Այնուհետև Պետրոսյանը զարմանք արտահայտեց, թե ինչու է փոխել դիրքորոշումը իշխող ուժը: «Զարմանում եմ՝ առաջին ընթերցումից հետո էդ ի՞նչ պատահեց: Պարո՛ն փոխնախարար, գալիս հիմնավորում էիք, որ շատ կարևոր է դրսից մարդ բերելը, հիմա ի՞նչ պատահեց: Պարո՛ն Մարուքյան, Դուք էլ շատ մի սրտնեղեք, իմ ոչ մի նախագիծ չի անցնում, հիմա այս մեկն էլ թող Ձերը չանցնի էլի»,- կատակեց նա և շարունակեց.

 

«Բայց եթե ավելի լուրջ, ապա իսկապես, մենք անկախ մեր քաղաքական հայացքներից, պետք է առավելագույն լրջությամբ վերաբերվենք ազգային անվտանգության խնդիրներին»:

 

Ըստ Պետրոսյանի՝ այսօր առվել քան երբևէ ՀՀ-ն կանգնած է երևելի և աներևույթ մարտահրավերների առաջ: «Մենք կարող ենք շատ հարցեր անտեսել, բայց ազգային անվտանգության խնդիրներն անտեսելու իրավունք չունենք: Իսկ այն, որ համակարգը պետք է տիրապետի կոմպետենտ մարդ, որը տիրապետում է ոլորտին, ոչ մեկի համար սա, ինձ թվում է,  վիճելի չէ»,- ասաց նա:

Քաղաքականություն

Պատահարներ