Աղաջանյանը նորից անդրադարձել է Փաշինյանի և նրա հետ Գերմանիա մեկնած պատվիրակության կեցության ծախսերին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը  ֆեյսբուքյան իր էջում նորից անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա հետ Գերմանիա մեկնած պատվիրակության կեցության ծախսերին:

 

«Ի լրումն երեկվա գրառմանս.

Պարզվում է, որ հերքման տեքստը ապատեղեկատվություն տարածողների համար բավարար չէր, և այս անգամ վերջիններս հղում կատարելով Վարչապետի համապատասխան որոշմանը (կցվում է), գտել են «անհերքելի» ապացույց առ այն, թե իբր ես մոլորեցնում եմ հանրությանը, պնդելով որ պատվիրակության կեցության ծախսերը ամբողջությամբ հոգում է հրավիրող կողմը: Ստիպված եմ այստեղ ևս պարզաբանել: Խնդիրը նրանում է, որ Վարչապետի այցը չի սահմանափակվում Բեռլինով: Սույն այցի շրջանակներում պատվիրակությունը պետք է մասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին, որի ընթացքում կեցության ծախսերը հոգում է հայկական կողմը, ուստի որոշման մեջ նշված է, որ համապատասխան բյուջետային տողից գումար կհատկցվի ըստ ՓԱՍՏԱՑԻ կատարված ծախսերի, չառանձնացնելվ Բեռլինի և Մյունխենի կեցության ծախսերը: Թերևս այսքանը:

 

Հ.Գ. Ի դեպ, հյուրանոցի նշյալ աշխատողը հեռացված է աշխատանքից, ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ ցուցաբերելու համար: Կարծում եմ նման ապատեղեկատվություն տարածողներին իրենց իսկ ֆինանսավորողները պետք է ևս հեռացնեն աշխատանքից նման փնթի և էժանագին մանիպուլյացիաների համար: Իսկ ֆինանսավորողների հերթը ևս կհասնի»,- գրել է Աղաջանյանը:

 

Հիշեցնենք, որ վարչապետը երեկ աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն էր մեկնել: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Գերմանիայի Դաշնություն վարչապետի և պատվիրակության անդամների այցի կեցության ծախսերն ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը:

Քաղաքականություն

Պատահարներ