Բեյրութում ուժայինները վերահսկողության տակ են վերցրել քաղաքի կենտրոնն ու ամբողջությամբ ազատել նախարարությունների շենքերը

Լիբանանի ուժայիններից մի քանի ժամ է պահանջվել մայրաքաղաք Բեյրութի կենտրոնը հազարավոր ցուցարարներից ազատելու համար:

ТАСС-ի թղթակցի փոխանցմամբ՝ կեսգիշերին մոտ իրավապահներին և զինվորականներին հաջողվել է կենտրոնական Պլաս դե Մարտիր հրապարակն ամբողջությամբ վերահսկողության տակ առնել: Լիբանանի բանակի ստորաբաժանումների և իրավապահների համատեղ ջանքերով հաջողվել է արտաքին գործերի, էկոնոմիկայի, էներգետիկայի և բնապահպանության նախարարությունների շենքերից հեռացնել այդտեղ ներխուժած ցուցարարներին:

Չնայած ներկա պահին տիրող հարաբերական կայունությանը, հակակառավարական ցույցերի վերսկսման և նոր բախումների հավանականությունը պահպանվում է:

Հիշեցնենք, որ կառավարության հրաժարականը պահանջող հազարավոր ցուցարարների և ուժայինների միջև տեղի ունեցած բախումների և անկարգությունների հետևանքով առնվազն 490 մարդ է վիրավորվել, 5 ցուցարար ձերբակալվել է: Ավելի վաղ վարչապետ Հասան Դիաբը հանդես էր եկել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկով:

 


 

Քաղաքականություն

Պատահարներ