Նիկոլ Փաշինյան. մեր ընտանիքները երեք տարում տեսել են տառապանք, լաց. մեզ ամեն ինչի մեջ կարող են մեղադրել, բացի մի բանից՝ դավաճանությունից

Մենք շատ բացթողումներ ենք ունեցել, բայց մեզ չեն կարող մեղադրել դավաճանության մեջ: Այս մասին Արագածոտնի մարզի Բազմաբերդ գյուղում ասաց Նիկոլ Փաշինյանը: 

«Ես գիտեմ, որ չենք կարողացել կյանքի կոչել ձեր բոլոր ակնկալիքները, և պատրաստ եմ անձամբ խոնարհաբար կրելու ցանկացած պատիժ, որը դուք կորոշեք, բայց ես պատրաստ եմ կրելու նաև ուրիշ պատիժ, և եթե դուք որոշեք, որ մեր առաքելությունը շարունակելու ենք, ապա այդ պատիժն էլ կկրենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Նա նաև նշեց՝ գործող իշխանության համար 3 տարին եղել է դժոխք, իսկ իրենց ընտանիքները տեսել են միայն լաց ու տառապանք: 

«Ընդհանրապես կար ընկալում՝ 2018 թվականից առաջ, որ իշխանությունը վայելք է, բայց մենք 3 տարի Հայաստանում գործող իշխանություն ենք, իսկ ինչ են տեսել մեր ընտանիքները իշխանությունից, տեսել են տառապանք, անարգանք, լաց և սթրեսներ, իշխանությունը մեզ համար դժոխք է եղել»,- նշեց նա: 

«Մանիպուլյացիաներով հասարակությանն ուզում են ասել, որ մենք ժողովրդին դավաճանել ենք, մենք սխալ ենք արել, շատ բացթողումներ ենք ունեցել, բայց կա մի բան, որում մեզ չեն կարող մեղադրել, դա դավաճանությունն է, ուրիշ հարցերում մեզ կարող են մեղադրել, բայց ոչ դավաճանության մեջ»,- ասաց Փաշինյանը: 

Նա նաև նշեց՝ 2018 թվականից սկսած հույս են ունեցել, որ մարդիկ կգնան փոփոխության, բայց, ըստ Փաշինյանի՝ այդ մարդիկ հատել են բոլոր սահմանները: 

 

«Մենք հանգում ենք իրավիճակի, որ որոշ դատավորներ խրախուսում են սպանության կոչերը: Ես գիտեմ, որ այս պահին ձեր մոտ ծագում է հաջորդ հարցը, իսկ ինչո՞ւ մինչև հիմա Հայաստանում կան այդպիսի դատավորներ, մենք պետք է այս հարցին պատասխանենք: 2018 թվականին ձեր առջև կանգնել ենք և իրար հետ իրականացրել ենք հեղափոխություն, մենք պարտավորություններ ենք ստանձնել և ասել ենք, որ պետական կառավարման համակարգում ջարդեր, վենդետաներ չեն լինելու, բայց պարզվում է, որ դա քաղաքական մեծ սխալ է»,- ասաց Փաշինյանը: 

Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացն առաջին վայրկյանից մինչև հեղափոխության մեկնարկը չի արտահայտել մեր ժողովրդի ներքին ցանկությունները, Ուջանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Այսօր, օրինակ, ասում են՝ ինչո՞ւ 2018-ին մենք այդ բանակցային բովանդակությունը չվերցրինք ու չտարանք առաջ կամ ինչո՞ւ չստորագրեցինք այդ թղթերը, մի պարզ պատճառով՝ 2018-ին այն բանակցային բովանդակությունը, որ եղել է, եղել է Արցախը փուլային եղանակով Ադրբեջանի կազմում թողնելու վերաբերյալ», - ասել է Փաշինյանը։ 

Նա նշել է, թե իրենք ժողովրդի ձգտումները պաշտպանել են մինչև ամենավերջին վայրկյանը։ 

«Մեզ, միևնույն ժամանակ, մեղադրում են հողերը և՛ հանձնելու, և՛ չհանձնելու մեջ, մենք կանգնել ենք այնքան ժամանակ, մինչև հնարավոր էր կանգնել, մենք որոշում ենք կայացրել այն ժամանակ, երբ որ որոշումը պետք էր կայացնել, հակառակը կլիներ ավելի մեծ աղետ, սա է ճշմարտությունը», - նշել է Փաշինյանը։ 

Նա ասաց՝ իրենք, այո, մեղավոր են։ 

«Մի բան կա բայց, որի մեջ մեզ մեղադրել չի կարելի, դա դավաճանությունն է», - նշել է վարչապետ Փաշինյանը։ 



 

Քաղաքականություն

Պատահարներ