Սպիտակ տունը պատմել է Բայդենի առողջական վիճակի մասին` ինքնաթիռի աստիճաններին նրա ընկնելուց հետո

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իրեն հիանալի է զգում ինքնաթիռի աստիճաններին մի քանի անգամ սայթաքելուց հետո, լրագրողներին ասել է նրա մամուլի քարտուղար Ջեն Փսակին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ուրբաթ օրը ինքնաթիռ բարձրանալիս Բայդենը մի քանի անգամ սայթաքեց, բայց մնաց ոտքի վրա։ ԱՄՆ նախագահի անհաջող վերելքի կադրերը տարածվեցին ամբողջ համաշխարհային լրատվամիջոցներում:

«Նա 100%-ով գերազանց է իրեն զգում»,- ասել է Փսակին, երբ միջադեպից հետո նրան հարցրել են նախագահի առողջության մասին:

«Չգիտեմ` բարձրացե՞լ եք արդյոք դուք դրանով (նախագահական ինքնաթիռի սանդուղքով), դա երբեմն բավական դժվար է»,- նշել է Բայդենի մամուլի քարտուղարը։

Նա հայտնել է, որ ամերիկյան առաջնորդը հանգստյան օրերին այցելել է Քեմփ-Դեւիդի նստավայր: Թեեւ նրան, ինչպես ԱՄՆ բոլոր նախագահներին, անընդհատ բժիշկ է ուղեկցում, Փսակին չգիտի, թե արդյոք Բայդենը լրացուցիչ հետազոտության կարիք է ունեցել հենց ուրբաթ օրվա միջադեպի կապակցությամբ:

«Նա շատ լավ է»,- ասել է խոսնակը:

Քաղաքականություն