ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աֆղանստանում գրոհայինները հարձակվել են պաշտպանության նախարարի տան վրա․ կան զոհեր

Օգոստոսի 3-ի երեկոյան Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյուն է որոտացել, որին հաջորդել է հրաձգությունը։ Դա տեղի է ունեցել երկրի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Բիսմիլլա Մոհամադիի տան մոտ։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով Աֆղանստանի անվտանգության ծառայության աղբյուրներին։

Նշվում է, որ մահապարտի կառավարմամբ ականապատված մեքենա է պայթեցվել։ Դրանից հետո Մոհամադիի տուն են ներխուժել զինված անձինք (նախնական տվյալներով՝ 4 հոգի), որոնք փոխհրաձգության մեջ են մտել անվտանգության ուժերի հետ։

Հարձակման ժամանակ նախարարն ու նրա ընտանիքը տանը չեն եղել։ Պաշտոնյայի տան վրա հարձակումը շարունակվել է մոտ 4 ժամ։ Զոհվել է 4 մարդ, ևս 20-ը՝ ստացել վնասվածքներ։

Դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։

Քաղաքականություն