«Հնարած տեսարան»․ «ԱԺ նախագահը պարտավոր է պարզաբանել իր մեկնաբանությունները». Անի Սամսոնյան

 

ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից վերջերս հրապարակված տեղեկությունները Ադրբեջանում հայ ռազմագերիների նկատմամբ վարվելակերպի և պահման պայմանների վերաբերյալ արժեքավոր փաստահավաք աշխատանք է, որն ամբողջությամբ բացահայտում է Ադրբեջանի հայատյաց, էթնիկ ատելության քաղաքականությունը և միջազգային մարդասիրական իրավունքի կոնվենցիոն լրջագույն խախտումները։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը թե՛ երկրի ներսում, և թե՛ դրսում ունի բարձր հեղինակություն, վստահություն, հետևաբար վերջինիս գործունեության նկատմամբ պետական պաշտոնյաների կողմից պահանջվում է կշռադտված և հարգալից մոտեցում։

Այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահը հայ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի մասին ՄԻՊ փաստերն ամբիոնից հնչեցնելուն ի պատասխան՝ դրանք որակել է հորինված տեսարաններ և կասկածի տակ դրել դրանք հրապարակելու անհրաժեշտությունը։

ՀՀ Ազգային ժողովի նախագահը պարտավոր է պարզաբանել իր կողմից հնչեցրած մեկնաբանությունները։ Ինչպես կարող է նման մոտեցում ունեցող պետական բարձր պաշտոնյան Հայաստանը ներկայացնել միջազգային հարթակներում և իր նկատմամբ ակնկալել լուրջ մոտեցում։ Հայկական շահը պահանջում է համախմբված և համակարգված աշխատանք։ Եթե պետության ներսում պետական մարմինները ներդաշնակ և սրտացավ չեն այդ շահի պաշտպանության հարցում, ապա Հայաստանի ապագայի մասին խոսելն այսօրեական պաշտոն ունենալու հաճույքի բացականչություն է։ Ընդամենը․․․»:

Քաղաքականություն

Պատահարներ