Ինչպես են մարդիկ արձագանքել Ղազախստանի վերաբերյալ Փաշինյանի որոշմանը

Ղազախստանում կատարվող իրադարձություններին համընթաց երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի հետ և հայտնեց․

 

«Հաշվի առնելով Ղազախստանի նախագահի դիմումը, ով ակնկալում է ՀԱՊԿ աջակցությունը Ղազախստանում հաստատված իրավիճակը հաղթահարելու հարցում, որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ անհապաղ խորհրդակցություններ եմ սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ»:

 

Այս հրապարակումից 2 ժամ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ևս մեկ կարևոր հայտարարությամբ։

 

«Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության արդյունքում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով»:

 

Թերևս այս երկու հրապարակումներն էլ հասարակության լայն շրջանակներում բուռն արձագանք ստացան։

 

Վարչապետի ֆեյսբուքյան էջում արված այս հրապարակման տակ ինչպե՛ս հասարակական-քաղաքական գործիչները, այնպես էլ քաղաքացիներն իրենց մեկնաբանություններն ու վերաբերմունքը դրսևորեցին։ Նշենք նաև, որ անմասն չեն մնացել նաև օտարազգի օգտատերերը։ 

 

Օրինակ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է․

 

«Հայաստանի սուվերեն տարածքից 40-ից 45 քառակուսի կմ տարածք ամիսներ շարունակ հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո:

Արագ կամ դանդաղ արձագանքման ոչ մի ուժ օգնության չեկավ՝ չնայած մեր բոլոր դիմումներին»:

 

Օգտատերերից մեկն էլ գրել է․ 

 

«Նման քայլը հակասում է մեր երկրի ժողովրդավարական լինելու սկզբունքներին: Հայաստանը իրավունք չունի խառնվելու ժողովրդի արդարացի ընվզմանը: Սա ետ քայլ է ժողովրդավարությունից»։

 

Ներկայացնենք ևս մեկ մեկնաբանություն․ 

«Այ դա արդեն չափից շատա, մեր վրա թշնամին օգտագործում էր ցանկացած տեսակի զենք,օգտագործում էր ահաբեկիչների ,որը ի դեպ ֆիքսել էին նույն այդ ՀԱՊԿ պետությունները ,բայց պատասխանը բոլորս ենք հիշում:Հիմա ինչա՞  նշանակում,  Հայաստանից պետք է խաղաղապահ ուժեր գնա՞ն, սա արդեն աբսուրդ է»:

 

«Լավ, բա ոնց ա ղասախները ՀԱՊԿ դիմելու ձևը առաջին իսկ անգամից ճիշտ են լրացնում, իսկ մեր ԱԳՆ-ը մինչև հիմա ձև չգիտի։ Գուցե իրենց էլ է պետք ուղարկել, որ ղազախներից սովորե՞ն»:

 

Քաղաքականություն

Պատահարներ