«Հայփոստ»-ի ինկասացիայի ավտոմեքենայից հափշտակել են 7 մլն դրամ գումարով պարկ

Երեկ՝ մարտի 2-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։  Ժամը 13։50-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել քաղաքացի Համլետ Մ-ից, ով հայտնել է, որ Չարենցավան քաղաքի «Հայփոստ 01» բաժանմունքի դիմաց կայանված ինկասացիայի ավտոմեքենայից կենսաթոշակառուների համար նախատեսված գումարով պարկը անհետացել է։

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը և ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ Արտակ Ասատրյանը։  Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13։30-ի սահմաններում Աբովյանի «Հայփոստ» ՓԲԸ-ի վարորդ-ուղեկցորդ Գևորգ Հովհաննիսյանը նկատել է, որ նշված ընկերությանը պատկանող Renault Logan մակնիշի ավտոմեքենայի սրահից իրեն անհայտ պայմաններում բացակայում է թվով 1 հատ ինկասացիոն գումարով լի պարկ։  

 

Կայքի տեղեկություններով՝ պարկում եղել է մոտ 7 մլն դրամ գումար։  Կոտայքի մարզի ոստիկանները, Ա. Զոհրաբյանի գլխավորությամբ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նշված 7 մլն դրամով պարկը Աբովյան քաղաքի Արզնի խճուղու «Օրիգինալ» սուպերմարկետի դիմացի հատվածում նույն օրը, ժամը 12։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Նարեկ Հարությունյանը, օգտվելով Գ. Հովհաննիսյանի՝ ժամանակավոր բացակայությունից, գողացել է և տեղափոխել նախապես իր կողմից նշված վայրում կայանած Opel մակնիշի ավտոմեքենան։ 

 

Գ. Հովհաննիսյանն ու Ն. Հարությունյանը աշխատում են «Հայփոստ» ՓԲԸ-ում՝ որպես վարորդ-ուղեկցորդներ։  

Քաղաքականություն