Կլինե՞ն դժվարություններ ռուսական գազի դիմաց վճարելու հարցում․ Պեսկովը մեկնաբանել է

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ այն պետությունները, որոնք վճարում են ռուսական գազի դիմաց նոր սխեմայով, լրացուցիչ դժվարություններ կամ կորուստներ չեն ունենում։

 

Պեսկովը շեշտել է, որ տարբեր պայմանագրերով և սխեմաներով առաքումները վճարվում են տարբեր ժամանակներում։

 

«Երբ կգա վերջին շրջանը, չեմ կարող ասել, գիտի միայն «Գազպրոմը»: Հրամանագիրն ուժի մեջ է: Նրանց համար, ովքեր ձեռք են բերում այս սխեմայով, լրացուցիչ դժվարություններ, կորուստներ, ոչինչ չեն առաջանում», - ասել է Պեսկովը:

 

Նոր սխեմայի համաձայն՝ Գազպրոմբանկը արտասահմանյան գնորդների համար կբացի հատուկ արժութային և ռուբլու հաշիվներ՝ գազի դիմաց վճարելու համար։ 

Գնորդը կկարողանա առաջին հաշվին գումար փոխանցել «կապույտ վառելիքի» մատակարարման պայմանագրում նշված արժույթով, բանկը այն կվաճառի Մոսկվայի բորսայում, որից հետո գազի հաշվին կվճարվի ռուբլով։ 

 

 Բուլղարիայի և Լեհաստանի կողմից այս սխեմային անցնելուց հրաժարվելու պատճառով «Գազպրոմը» ապրիլի 27-ին դադարեցրեց մատակարարումները նշված երկրներ։

Քաղաքականություն