Արցախցիները ՄԱԿ-ի գրասենյակի մոտ են. ինչ են պահանջում ցուցարարները

 Արցախից տեղահանված բնակիչները բողոքի ակցիա են անում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ։ «Մեր հիմնական պահանջը փախստականի կարգավիճակ ստանալն է։ Նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարության մեջ նշվում է փախստականների վերադարձի մասին։ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ Շուշի վերադառնալու իրավունք են ունենալու բոլոր նրանք, ովքեր մինչ 1988 թվականն ապրել են Շուշիում և հանդիսանում են փախստական։ Հիմա հարց է առաջանում՝ եթե մենք այդ կարգավիճակը չենք ստանում, ապա շատ հավանական է, որ չկարողանանք վերադառնալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Շուշիի պատմության թանգարանի տնօրեն Աշոտ Հարությունյանը։ Նա նշեց, որ ՄԱԿ-ի առաջ բարձրացնում են այս հարցերը։

 

«Միջազգային այս կազմակերպությունը չպետք է դրսևորի երկակի ստանդարտներ, երբ ինչ-որ ուրիշ տեղ հակամարտություններ են գնում, իրենք իսկույն միջամտում են, բայց այս պարագայում ասում են՝ չճանաչված երկիր եք ու չեն միջամտում մեր հարցերին։ Անկախ նրանից՝ ճանաչված է, թե ոչ, արցախցիներն իրավունքներ ունեն, ՄԱԿ-ը պետք է անդրադառնա այդ հարցերին։ Անշուշտ, նաև Արցախի Հանրապետության ճանաչման հարցն ի վերջո պետք է ՄԱԿ-ի մասշտաբով բարձրացվի»,- ասաց նա։

 

Արցախցիները ՄԱԿ-ի գրասենյակում հանդիպում են պահանջում։ Արցախցի Արթուր Ստեփանյանն էլ հավելեց, որ երկու տարի է՝ անորոշ կարգավիճակով ապրում են Հայաստանում։ Ըստ նրա՝ փախստականի կարգավիճակ ստանալն իրենց հնարավորություն կտա վերադառնալ իրենց բնակավայրեր՝ այդ թվում՝ Հադրութ ու Շուշի։

Քաղաքականություն

Պատահարներ