Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի հայտարարությանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կոչ է արել ճանաչել Ֆրանսիայի գաղութային անցյալը, որն ազդում է աֆրիկյան մայրցամաքի հետ նրա հարաբերությունների վրա։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Այսպես, գերատեսչությունն արձագանքել է Մակրոնի հայտարարություններին, որոնք նա հնչեցրել է Ալժիր կատարած այցի ժամանակ։ Ֆրանսիայի նախագահն իր ելույթում հայտարարել էր, որ Թուրքիայում, Ռուսաստանում և Չինաստանում կան «նեոգաղութային կառույցներ, որոնք դրսևորում են ակտիվություն, կայսերապաշտական ծրագրեր» և հակադրվում են Հինգերորդ Հանրապետությանը։

Ի պատասխան՝ Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Թանջու Բիլգիչն ընդգծել է Ֆրանսիայի ղեկավարի մեղադրանքների անընդունելիությունը և կոչ արել երկրին ճանաչել սեփական գաղութային անցյալը և գիտակցել դրա հետևանքները։

«Հուսով ենք, որ Ֆրանսիան առաջիկայում կկարողանա ճանաչել իր գաղութային անցյալի հետևանքները և չի փորձի փախչել պատմական իրողություններից՝ ստվեր գցելով Թուրքիայի կամ որևէ այլ երկրի վրա»,- ասվում է Բիլգիչի հայտարարության մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ