Կիրանցում բախման հետևանքով ԲԿ են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ. ՀՀ ՄԻՊ

Կիրանցում տեղի ունեցած միջադեպից հետո «Իջևան» բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։


Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել Կիրանցում ճանապարհը փակած բնակիչների հետ բախման ժամանակ, մի քանի մարդ թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։


«Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում ինչպես երեխաների մասնակցությամբ համանման դեպքերի առկայությունը, այնպես էլ հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից»,– ասվում է հաղորդագրության մեջ:


Նշվում է, որ մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է երեխաների` հավաքներին ազատորեն մասնակցելու իրավունքի իրացման ընթացքում պետական իրավասու մարմինների, հավաքների կազմակերպիչների, հավաքների մասնակիցների, զանգվածային լրատվության միջոցների և այլ դերակատարների կողմից երեխայի իրավունքների, այդ թվում` ցանկացած տեսակի բռնությունից զերծ լինելու, կրթության և այլ իրավունքների ապահովումը, ինչպես նաև երեխայի լավագույն շահը առանցքային դիտարկելու անհրաժեշտությունը:


ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավարը «Իջևանի» բժշկական կենտրոնում առանձնազրույցներ է ունեցել տուժողների ու նրանց հարզատների հետ, որոնք պատմել են նաև մանրամասներ:


ՄԻՊ աշխատակազմից նաև նշում են, որ աշխատում են արտակարգ ռեժիմով, այդ թվում՝ Տավուշի մարզային ստորաբաժանումը։


Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:



Քաղաքականություն