Միջուկային աղետ է ստեղծվելու․ ՌԴ ՊՆ-ն տեղեկություն է հայտնում

Տեխնածին միջուկային աղետ ստեղծելու նպատակով Կիևը օգոստոսի 29-ին Զապորոժիեի ԱԷԿ–ի ուղղությամբ 4 անօդաչու է արձակել, բոլորը խոցվել են։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։

 

ՊՆ–ն նշել է, որ անօդաչուներից մեկն ընկել է № 1 հատուկ կորպուսի շենքի տանիքին, որում ամերիկյան արտադրության միջուկային վառելիք և պինդ ռադիոակտիվ թափոններ են պահվում։

 

«Ավերումներից և զոհերից հաջողվել է խուսափել», – նշել են նախարարությունում։

 

Բացի այդ, անցած մեկ օրում ուկրաինական հրետանին ատոմակայանի տարածքի ուղղությամբ երկու արկ է արձակել, որոնք պայթել են № 1 հատուկ կորպուսի անմիջական հարևանությամբ։ Գնդակոծությունը եղել է Դնեպրոպետրովսկի մարզի Մարգանեց շրջանից։

 

«ՌԴ ԶՈւ պատասխան կրակով հակառակորդի կրակային միջոցները ճնշվել են։ Զապորոժիեի ԱԷԿ–ում ռադիացիոն իրավիճակը շարունակում է մնալ նորմայի սահմաններում», – նշել են գերատեսչությունում։

 

ՊՆ–ն հայտնել է նաև, որ ՌԴ ՕՏՈւ–ի մարտական ավիացիան ուկրաինական 5 շտաբ, սպառազինության և զինամթերքի 3 պահեստ և 58 հրետանային ստորաբաժանում է ոչնչացրել։

 

ՌԴ ՊՆ–ի հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ՌԴ զինվորականները ցամաքային տեղակայման բարձր ճշգրտության զենքով Ուկրաինայի համար կռվող ավելի քան 200 գրոհային են ոչնչացրել, այդ թվում մոտ 40 օտարերկրյա վարձկան` Դնեպրոպետրովսկի մարզի Ալեքսանդրովկայի շրջանում։

 

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 187-րդ օրը։

Քաղաքականություն