ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանը փակեց սահմանն Իրաքի հետ․ ի՞նչ է կատարվում երկրում

Իրանի իշխանությունները ժամանակավորապես փակել են Իրաքի հետ սահմանը անվտանգության նկատառումներից ելնելով, հայտարարել է Իրանի ներքին գործերի փոխնախարար Մաջիդ Միրահմադին, փոխանցում է Ռիա Նովոստին։  Այս որոշումը կայացվել է Բաղդադում սկսված անկարգությունների ֆոնին։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 30-ի։ Ավելի քան 700 վիրավոր է։

 

Հիշեցնենք, որ Շիա առաջնորդ Մուքթադա աս-Սադրի համախոհները շարունակում են գնդակոծել Բաղդադի կենտրոնում գտնվող կառավարական «կանաչ գոտին», չնայած գործող պարետային ժամին՝ այդ շրջանում պայթյուններ և փոխհրաձգության ձայներ են լսվում։

 

Բացի այդ, կառավարության անվտանգության ծառայության տեղեկատվական գրասենյակը Twitter-ում հայտնել է, որ այսօր առավոտյան «կանաչ գոտին» գնդակոծվել է 4 հրթիռներով, որոնք բնակելի համալիր են վնասել։

 

Անվտանգության ուժերը պարզել են, որ հրթիռներն արձակվել են Ալ-Հաբիբա և Ալ-Բալադիյատ շրջաններից։

 

Իրավիճակը Իրաքում սրվեց այն բանից հետո, երբ աս-Սադրը օգոստոսի 29-ին հայտարարեց քաղաքական գործունեության դադարեցման և իր կուսակցության բոլոր գրասենյակների փակման մասին` հաշվի առնելով խորհրդարանի արտահերթ ընտրություններ հրավիրելու վերաբերյալ կառավարությունում կոնսենսուսի բացակայությունը և խորհրդարանում ընդարձակ կոալիցիա ձևավորելու անհնարինությունը այն բանից հետո, երբ նախորդ տարվա աշնանն ընտրություններում հաղթեց իր խմբակցությունը։

Քաղաքականություն