Գործադուլ և հրաժարականի պահանջ Արմավիրում. քոլեջի տնօրենը դատի է տալիս իր հրաժարականը պահանջողներին. News

Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի ասախոսական անձնակազմը պահանջում է քոլեջի տնօրեն Անգին Արշակյանի հրաժարականը, մեղադրելով նրան քոլեջն անձնական շահերից ելնելով կառավարելու մեջ։ Նրանք դադարեցրել են գործադուլը՝ պայմանով, որ երբ տնօրենը մտնի քոլեջի շենք, իրենք կվերսկսեն գործադուլը:

 

Քոլեջի դասախոսներից Թագուհի Հովակիմյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ Արշակյանի հետ տարաձայնությունները սկսվել են դեռ ամիսներ առաջ, երբ նա դպրոցի դասասենյակներից մեկից հեռացրել է 44–օրյա պատերազմի մասնակիցների լուսանկարները։

 

«Մի օր մտա սենյակ, տեսա՝ չկան էդ նկարները, ասացի՝ ո՞ւ ր են, պատասխանեց՝ «հո գերեզմանոց չի, ես սա եմ անելու, նա եմ անելու, «երեխաները վախենում են դասասենյակ մտնեն», իսկ երբ շատ խոսվեց այդ մասին, Արշակյանը հայտարարեց, թե փառքի սենյակ է սարքելու, որտեղ էլ կկախվեն տղաների լուսանկարները, սա էլ էն դեպքում, երբ քոլեջում լսարանի խնդիր կա։

 

Հետո խնդիրներն ավելի խորացան. նա դասախոսներից պահանջել էլ փաթեթներ ներկայացնել, հետո պարզվեց, որ այդ փաթեթներից շատերը չկան, ըստ իս՝ ինքը հետագայում պետք է ասեր՝ ձեր փաթեթները չկան, հետեւաբար ժամ պահանջել չեք կարող եւ այդ կերպ կկարողանար իր մարդկանց բերել քոլեջ։  Անգին Արշակյանը նույնիսկ իր աղջկան էր տեղավորել մեր քոլեջում, նա որեւէ առնչություն չուներ տնտեսագիտության հետ, բայց տնտեսագիտության ժամեր ստացավ, հետո էլ իր բարեկամուհուն բերեց կադրերի բաժնի վարիչ ու կես դրույքով հաշվապահ նշանակեց։ Արհմիության ամբողջ գումարը յուրացրեց, հիմա ասում է՝ ձեր կամքով, բայց մենք նույնիսկ տեղյակ չենք եղել դրա մասին, որ մեր կամքով լիներ կամ չլիներ։ Արշակյանը որոշեց վարձավճարները բարձրացնել, էն դեպքում երբ մենք նույնիսկ 120 000 դրամն էինք դժվարությամբ հավաքում, ուր մնաց 190 000 հավաքեինք»,– պատմեց Թագուհի Հովակիմյանը։

 

Քոլեջի տնօրենը այգու ծառերը հատել է տվել, իսկ երբ տուգանվել է դրա համար, որպեսզի տուգանքի չափը կրճատվի, հապճեպ որոշել է ծառատունկ կազմակերպել։ 

 

Իրավիճակը Արմավիրի տարածաշրջանային քոլեջում ավելի է սրվել, երբ Անգին Արշակյանն աշխատանքից ազատել է Ֆիզկուլտուրայի մասնագետ Արամ Արզումանյանին եւ բուժքույր Զեփյուռ Սահակյանին։ Ընդ որում՝ ըստ Թագուհի Հովակիմյանի՝ Արշակյանը կոլեգաներին աշխատանքից ազատել է՝ քոլեջ չներկայանալով։

 

ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչնեը անցած շաբաթվա վերջին այցելել են քոլեջ։ Հովակիմյանը հավելեց, որ հանդիպում են ունեցել նաեւ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ, որին ներկայացրել են իրենց դժգոհությունները։

 

Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Անգին Արշակյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իր հրաժարականը պահանջողների դեմ հայց է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պատվին եւ արժանապատվությանը զրպարտությամբ պատճառված վնասի համար փոխհատուցման պահանջով։ Նա նշեց, որ իր նկատմամբ ուղղորդված արշավ է կազմակերպվել քոլեջի փոխտնօրեններ Կարինե Հարությունյանի եւ Սուսաննա Մարգարյանի կողմից։

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ