Նիդեռլանդները հետ է կանչել Turkish Stream օպերատորի լիցենզիան

«Радио Свобода»-ն ձեռք է բերել South Stream Transport B.V. ընկերության ներքին փաստաթղթերը: Սա «Գազպրոմի» նիդեռլանդական դուստր ձեռնարկությունն է, որը զբաղվում է «Թուրքական հոսք» գազատարի շահագործմամբ և սպասարկումով։ Փաստաթղթերից բխում է, որ գազատարը իրականում պետք է դադարեցվեր սեպտեմբերի 17-ին, ինչը նշանակում է, որ Հունգարիան և Սերբիան կարող են գործնականում գազ չունենալ։

 

Սեպտեմբերի 14-ին «South Stream Transport»-ի գործադիր տնօրեն Օլեգ Ակսյուտինը նամակ է ուղարկել ընկերության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, որում հանձնարարել է կասեցնել գազատարի տեխնիկական աջակցության հետ կապված բոլոր պայմանագրերը։

 

Գազի փոխադրումը պետք է շարունակվեր միայն վթարային ռեժիմով՝ շրջակա միջավայրին վնաս չպատճառելու համար:
 

Հաղորդվում է, որ South Stream Transport B.V. դիմել է նոր լիցենզիա ստանալու համար, բայց չգիտի՝ կկարողանա՞ արդյոք ստանալ այն:
 

«Փաստորեն, ընկերությունը կորցրել է խողովակաշարի օպերատիվ վերահսկողությունը», - ասել է աղբյուրը։

 

«Радио Свобода»-ն  նաև պնդում է, որ թուրքական կողմը տեղյակ չի եղել այս իրավիճակի մասին։

 

Նշենք, որ այս մասին հայտնի է դարձել Բալթիկ ծովում «Հյուսիսային հոսք» գազատարների վթարի ֆոնին։

 

Լրատվամիջոցի հետ զրույցում նավթի և գազի շուկայի փորձագետ Միխայիլ Կրուտիխինը նշել է, որ «Թուրքական հոսքը» բաղկացած է երկու գծից, որոնցով տարեկան մղվում է ընդհանուր առմամբ 33 միլիարդ խորանարդ մետր:

 

«Կեսը գնում է Թուրքիա, իսկ երկրորդ գիծը մտնում է Եվրամիություն Բուլղարիայի տարածքով, և գազը բաժանվում է Հունաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի, Սերբիայի և Հունգարիայի միջև։ Վերջին երկու երկրները հիմնական սպառողներն են, Հունգարիան գրեթե ամբողջությամբ կախված է այս գազատարից, Սերբիան նույնպես բավականին լուրջ է։ Եթե ​​գազի փոխադրումը դադարում է, ապա Հարավարևելյան Եվրոպայում ստացվում է տարեկան մինուս 16 միլիարդ խորանարդ մետր»,- բացատրել է փորձագետը:

Քաղաքականություն

Պատահարներ