Արայիկ Հարությունյանի տեղակալը մեծ գումարներ է ստացել կառավարությունից. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանին պատկանող «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն պետության հետ ընդհանուր արժողությամբ շուրջ 208 մլն դրամի պայմանագիր է կնքել։ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ ընդամենը 1 ամսվա ընթացքում, Բադալյանի ընկերությունը գնման 9 պայմանագիր է կնքել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, որոնցից երեքը՝ խոշոր` 56 մլն, 89 մլն և 30 մլն դրամ արժողությամբ։ Նշենք, որ այս ընկերությունը զբաղվում է հեղինակային վերահսկողության ծառայությունների մատուցմամբ, այսինքն՝ հետևում է նախարարության կողմից իրականացվող շինարարական, ճանապարհաշինական աշխատանքների կատարմանը, կազմում է համապատասխան փաստաթղթեր, ուսումնասիրություններ իրականացնում, այլ կերպ ասած՝ շինարարության թղթաբանությունն է իրականացնում և վերահսկում շինարարական աշխատանքները:

 

Բագրատ Բադալյանն այս ընկերության 88․13 տոկոսի բաժնետերն է, որը նա ձեռք է բերել 2020 թվականին, երբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականն էր։ Մինչեւ այս ընկերությունում Բադալյանի բաժնետեր լինելը, 2019թ. հունվարի 1-ից մինչեւ 2020թ. ապրիլի 15-ը «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ կնքվել է պետական գնման ընդամենը մեկ պայմանագիր՝ 431 հազար դրամ պայմանագրային գնով: Իսկ 2018-ին՝ 3 պայմանագիր՝ 11 մլն 949 հազար դրամ ընդհանուր գնով: Այսինքն՝ մինչև Բադալյանի կողմից այս ընկերության ձեռքբերումը ընկերությունը 2 տարվա ընթացքում 19 անգամ ավելի քիչ արժողությամբ պայմանագիր է կնքել պետության հետ, քան այժմ` 1 ամսվա ընթացքում, այն էլ՝ միայն պետական 1 գերատեսչության հետ։ Ի դեպ, պայմանագրերի մեծ մասը կնքվել է 1 անձից գնման ընթացակարգով, առանց մրցույթի»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Քաղաքականություն

Պատահարներ