Մենք տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանը կրկնապատկում և եռապատկում իր ագրեսիան․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Մոսկվան շահագրգռված չէ Ուկրաինայի դեմ ագրեսիան դադարեցնելու հարցում։ Այս մասին նա ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Քոլոնայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է «Ամերիկայի ձայնը»։ 

«Ինչ վերաբերում է դիվանագիտությանը, ապա պատերազմի ավարտը լիովին կախված է նրանից, թե արդյոք Ռուսաստանը կհասնի այն կետին, որտեղ նա իսկապես շահագրգռված է դադարեցնել իր սկսած ագրեսիան: Եվ այս պահին մենք դրա ոչ մի ապացույց չենք տեսնում»,-ասել է Բլինքենը։

 

«Ընդհակառակը, մենք տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանը կրկնապատկում եւ եռապատկում իր ագրեսիան։ Հարյուր հազարավոր ռուսաստանցիներ  մոբիլիզացվել են վերջին մեկ ամսվա ընթացքում՝ դառնալով թնդանոթի միս, որը Պուտինը փորձում է նետել պատերազմի մեջ»,-հավելել է նա։ 

Բլինքենի խոսքով՝ Ֆրանսիայի արտգործնախարարի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին Արեւմուտքի պատասխանը։ 

«Վերջին օրերին մենք ականատես եղանք Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա Մոսկվայի լայնածավալ հարվածներին, որոնցից շատերն իրականացվել են Իրանի կողմից տրամադրված անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Հարվածները հստակ նպատակ ունեն՝ զրկել ուկրաինացիներին ջեռուցումից, ջրից, էլեկտրաէներգիայից»,-ասել է Բլինքենը։ 

Նա նշել է, որ Պուտինը սխալվում է՝ կարծելով, որ այդ հարձակումները կոտրելու են ուկրաինացիների հաղթանակի կամքը։ 

«Ընդհակառակը, դա միայն ամրապնդում է իրենց երկիրը պաշտպանելու նրանց վճռականությունը: Մոսկվան կարող է ամբողջ Ուկրաինայում անջատել հոսանքը, բայց չի կարող ուկրաինացիների ոգին մարել։ Նախագահ Պուտինը կարծում էր, որ կարող է պառակտել անդրատլանտյան դաշինքը: Փոխարենը նա մեզ մտերմացրեց։ ԱՄՆ-ն սերտորեն համագործակցում է Ֆրանսիայի եւ եվրոպական այլ դաշնակիցների հետ՝ օգնելու նրանց վերջ տալ կախվածությանը ռուսական էներգառեսուրսներից»,-հավելել է Բլինքենը։ 

Նա խոստացել է, որ ԱՄՆ-ն գալիս ձմռանը կշարունակի աջակցել իր դաշնակիցներին։  

Քաղաքականություն