Մոսկվային ու Երեւանին գժտեցնելու փորձերը հաջողությամբ չեն պսակվի. Զախարովա

Մեզ չեն կարող չանհանգստացնել Անդրկովկասում թափ հավաքող տագնապալի միտումները, ուր Արեւմուտքն ակնհայտորեն փորձում է տեղափոխել Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները։ Այս մասին նշվում է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։

 

«Տեսնում ենք, թե ինչ աննախադեպ արտաքին ճնշման է ենթարկվում եղբայրական Հայաստանը։ Մեր երկրների ու ժողովուրդների դարավոր կապերին վնաս հասցնելու համար քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը վարկաբեկելու ուղղությամբ։ Վաշինգտոնի եւ Բրյուսելի թելադրանքով գործող բազմաթիվ հիմնադրամները, ՀԿ-ները եւ ԶԼՄ-ները կրկնակի ուժով փորձում են հասարակության մեջ հակառուսական տրամադրություններ սերմանել։

 

Համոզված ենք, որ արտաքին ուժերի կողմից Մոսկվային ու Երեւանին գժտեցնելու փորձերը հաջողությամբ չեն պսակվի։ Վճռական ենք տրամադրված Հայաստանի հետ ռազմավարական դաշինքը եւ բազմակողմ համագործակցությունը ամրապնդելու հարցում, ինչը թույլ կտա մեզ համատեղ հաղթահարել ներկայիս մարտահրավերները։ Մենք երկխոսություն ենք զարգացնում ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական ուղղություններով։

 

Առեւտրաշրջանառությունն աճում է ռեկորդային տեմպերով։ Լուրջ ծրագրեր են իրականացվում եւ զարգանում տրանսպորտի եւ լոգիստիկայի, ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։ Ռուսական տասնյակ խոշոր ընկերություններ պատրաստ են այսուհետ եւս ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսությունում։ Մենք հաջողությամբ լուծում ենք հանրապետության էներգետիկ եւ պարենային անվտանգության ամրապնդման խնդիրները։ Ճյուղավորված կապեր են պահպանվում գիտական, կրթական եւ մշակութային ոլորտներում։ Երեւանին նշանակալի օգուտներ է բերում ԵԱՏՄ-ին մասնակցությունը»,- նշել է Զախարովան։

 

Նրա խոսքով, Արեւմուտքի անպարկեշտ ու անպատկառ մոտեցումը կարելի է նկատել նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առնչությամբ։ Հաշվի չի առնվում խնդրի ոչ տարածաշրջանային առանձնահատկությունը, ոչ էլ հատուկ զգայունությունը։ Վաշինգտոնի եւ Բրյուսելի իրական նպատակը բոլորովին էլ փոխզիջումային ու հավասարակշռված լուծումների մշակումը չէ, այլ ինքնագովազդումը եւ Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելը։


«Մեր եռակողմ աշխատանքները յուրացվում ու խեղաթյուրվում են։ Հաճախակի են դարձել Եվրամիության, ԵԱՀԿ-ի եւ Ֆրանսիայի ցուցանակների ներքո արեւմտյան էմիսարների ժամանումները Հայաստան։ Առաջ են մղվում հապճեպ հորինված նախաձեռնություններ, որոնք հաշվի չեն առնում տարածաշրջանի ողջ բնակչության շահերը։ Սա հղի է հավասարակշռության խախտմամբ, որը դժվարին պայմաններում ձեռք է բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների հիման վրա։
 

Զուգահեռաբար մերկապարանոց մեղադրանքներ են շրջանառվում, այդ թվում այն մասին, թե իբր Մոսկվան չի կատարում Հայաստանի նկատմամբ իր անվտանգության պարտավորությունները։ Այս կապակցությամբ ցանկանում ենք հիշեցնել, որ հենց մեր երկիրը դադարեցրեց պատերազմը 2020 թվականի նոյեմբերին, ուղարկեց խաղաղապահներ, որոնք խաղաղություն եւ կայունություն բերեցին տարածաշրջան, եւ մինչ օրս վճռական ներդրում է ունենում Բաքվի ու Երևանի միջեւ զինված միջադեպերի կարգավորման գործում։ Իսկ ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերմանն ուղղված արտաքին ուժերի փորձերը հենց ուղղված են Հարավային Կովկասի ապակայունացմանը։

 

Բոլոր մակարդակներում շարունակում ենք աշխատել գործընկերների հետ՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների համապարփակ կարգավորման շահերից ելնելով, ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանների սահմանազատումը, խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, հումանիտար խնդիրների լուծումը, հասարակական եւ փորձագիտական երկխոսության ստեղծումը։ Միաժամանակ՝ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք եւ երկու կողմերի համաձայնությունը։

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ռուսաստան՝ հաջորդ եռակողմ գագաթաժողովին, որտեղ նախատեսվում է քննարկել եռակողմ եւ երկկողմ հարցերի ողջ շրջանակը»,- եզրափակել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ