«Արևմուտքը փորձում է Անդրկովկաս տեղափոխել «Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները». Զախարովա

 Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարություն է տարածել՝ ի պատասխան լրատվամիջոցների խնդրանքի մեկնաբանելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող զարգացումները:

 

Հայտարարության մեջ ասվում է. «Մեզ չեն կարող չանհանգստացնել Անդրկովկասում թափ հավաքող տագնապալից միտումները, որտեղ Արևմուտքն ակնհայտորեն փորձում է տեղափոխել Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները։

Տեսնում ենք՝ ինչ աննախադեպ ճնշման է դրսից ենթարկվում եղբայրական Հայաստանը: Մեր երկրների ու ժողովուրդների դարավոր կապերին վնաս հասցնելու ձգտումներում քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը վարկաբեկելու ուղղությամբ։ Բազմաթիվ հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ և լրատվամիջոցներ, որոնք գործում են Վաշինգտոնի և Բրյուսելի թելադրանքով, վրեժխնդիր կերպով ձգտում են հասարակության մեջ հակառուսական տրամադրություններ սերմանել»։

 

Զախարովան համոզմունք է հայտնել նաև, որ Մոսկվայի և Երևանի միջև վեճ գցելու արտաքին ուժերի փորձերը հաջողություն չեն ունենա․ «Մենք տրամադրված ենք ամրապնդելու Հայաստանի հետ ռազմավարական դաշինքը և բազմակողմ համագործակցությունը, ինչը թույլ կտա մեզ համատեղ հաղթահարել առկա մարտահրավերները»։

 

«Արևմուտքի անպարկեշտ և լկտի մոտեցումը կարելի է նկատել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում: Հաշվի չի առնվում խնդրի ո՛չ տարածաշրջանային առանձնահատկությունը, ո՛չ էլ հատուկ զգայունությունը։ Վաշինգտոնի և Բրյուսելի իրական նպատակները ամենևին փոխզիջումային և հավասարակշռված լուծումների մշակումը չէ, այլ ինքնափիարը և Ռուսաստանը Անդրկովկասից դուրս մղելը։

Մեր եռակողմ զարգացումները յուրացվում և աղավաղվում են: Հաճախակի են դարձել Եվրամիության, ԵԱՀԿ-ի և Ֆրանսիայի քողի տակ արևմտյան էմիսարների ժամանումները Հայաստան։ Առաջ են մղվում հապճեպ հորինված նախաձեռնություններ, որոնք հաշվի չեն առնում տարածաշրջանի ողջ բնակչության շահերը։ Սա հղի է հավասարակշռության խախտմամբ, որը ձեռք է բերվել դժվարին պայմաններում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների հիման վրա։

 

Զուգահեռաբար շրջանառվում են անհիմն մեղադրանքներ, թե իբր Մոսկվան չի կատարում Հայաստանի նկատմամբ իր անվտանգության պարտավորությունները։ Այս կապակցությամբ ցանկանում ենք հիշեցնել, որ հենց մեր երկիրն էր, որ կանգնեցրեց պատերազմը 2020թ. նոյեմբերին, ուղարկեց խաղաղապահներ, որոնք խաղաղություն և կայունություն բերեցին տարածաշրջան և մինչ օրս վճռական ներդրում ունեն Բաքվի և Երևանի միջև զինված միջադեպերի կարգավորման գործում: Արտաքին ուժերի փորձերը՝ հասնելու ռուսական խաղաղապահ զորամիավորման դուրսբերմանը, ուղղված են Հարավային Կովկասի ապակայունացմանը»,- նշված է հայտարարության մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ