Նոր մանրամասներ` «Հյուսիսային հոսքերի» պայթյուններից

Շվեդիայի պաշտպանության գիտահետազոտական ​​ինստիտուտի պաշտպանական համակարգերի դոցենտ Հանս Լիվոնգը Expressen թերթին տված հարցազրույցում ասել է, որ Nord Stream-ում դիվերսիայի համար պայթուցիկ լիցքեր են տեղադրվել գազատարներից դուրս։

 

Ըստ նրա՝ խոսքը «բավականին մեծ, բարձր ճշգրտության լիցքի մասին է, որը խողովակների մոտ է դրվել»։ Փորձագետը ենթադրություն է արել, որ դրանք արձակվել են վերգետնյա նավից։  Նրա կարծիքով՝ գործողությունը կարելի էր վերահսկել մեկ կամ մի քանի նավերից։

 

Ինչպես հրատարակությանը հայտնել է նախաքննությունը ղեկավարող դատախազ Մատս Յունգվիստը, խողովակաշարերի վրա կատարվածի պատկերը սկսել է պարզվել։

 

Հոդվածում նշվում է նաև, որ մեկ այլ վարկածի համաձայն՝ պայթյուններն իրականացնելու համար օգտագործվել են ստորջրյա մեքենաներ, որոնցից ջրասուզակները լիցքեր են տեղադրել խողովակների վրա։

 

Ավելի վաղ Die Welt թերթը գրել էր, որ հետախուզությամբ կարող էին զբաղվել երկու անհայտ նավեր՝ անջատված հաղորդիչներով, որոնք մինչև պայթյունը տեսել են Nord Stream խողովակաշարերի մոտ։

 

Սեպտեմբերի 26-ին «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազախողովակներում գրանցվել են պայթյուններ և գազի արտահոսք։

 

Սեյսմոլոգները գազատարների երթուղիների երկայնքով երկու պայթյուն են արձանագրել։  Ռուսաստանի ԱԴԾ-ն գործ է հարուցել միջազգային ահաբեկչության փաստով։ Շվեդիայի դատախազությունը միջադեպերի հետաքննություն է սկսել։ Գազատարի օպերատոր Nord Stream AG-ն հայտարարել է, որ առայժմ հնարավոր չէ գնահատել գազատարների վերականգնման ժամկետները։

 

Ռուսաստանն ու Թուրքիան աշխատում են գազային հանգույց ստեղծելու վրա, որով հնարավոր կլինի իրականացնել «Հյուսիսային հոսքից» տարանցումը։

Քաղաքականություն