«Թոշակները 2023 թվականին ևս 2 անգամ կբարձրացնենք». Փաշինյան

«2023-ի պետբյուջեում մենք հստակ ֆիքսել ենք 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու մեր հանձնառությունը: Ես ուզում եմ, որ մենք հստակ արձանագրենք, որ այս բոլոր ծրագրերը՝ սկսած սուբվենցիաներից, ավարտած աշխատաուժի վերապատրաստման ծրագրերը, շատ էական նշանակություն են ունենալու 7 տոկոս աճ ապահովելու համար»,- այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Կառավարության հերթական նիստում ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ ընկերություններից ահազանգ է ստացվոմ, որ հենց իրենք՝ ընկերությունները, մյուս տարվա իրենց պոտենցիալ աճի մեջ շատ լուրջ պրոբլեմ են տեսնում, որ կարող են աշխատուժի սակավության պատճառով չկարողանան տեմպը պահել: 
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սա շատ կարևոր է նաև աղքատության հաղթահարման տեսանկյունից. «Հույս ունեմ, որ մյուս տարի կպարզվի, որ ի հեճուկս գնաճի՝ աղքատության շատ ավելի ցածր ցուցանիշ ունենք: Այսպիսի հույս ունենալու տեղիք են տալիս աշխատատեղերի բացառիկ բարձր թիվը, աշխատանքային ֆոնդի աննախադեպ բարձր թիվը, գործազրկության աննախադեպ ցածր մակարդակը և իհարկե հաջորդ տարվա պետբյուջեի կապիտալ ծախսերի էական ավելացումը. պաշտպանության ոլորտը հանած՝ միայն մյուս ոլորտներում մենք 300 մլն դոլարից ավելի կապիտալ ներդրումներ ենք նախատեսում»: 
«Մենք այս տարի 2 անգամ ենք թոշակառուների թոշակը բարձրացնում և այս տրամաբանությամբ ևս 2 անգամ կբարձրացնենք 2023 թվականին»,- նկատեց վարչապետը և հավելեց, որ հետևություններ պետք է արվեն նաև սոցիալական քաղաքականության ոլորտում: 
 

Քաղաքականություն