Ի՞նչ արժե ամանորյա հանգիստը Հայաստանում

Ամանորը շատերի համար սպասված տոն է: Մարդիկ նախընտրում են Ամանորն անցկացնել ամենատարբեր վայրերում` ռեստորաններում, հյուրանոցներում, փաբերում, երկրից դուրս և ամենահարմար, միևնույն ժամանակ այդ օրերին ամենախառնաշփոթ վայրում` տանը:

Արդեն մի երկու տարի է, ինչ Հայաստանում աշխատող քաղաքացների համար ամանորյա արձակուրդները կրճատվել են: Նախատոնական օրերին տեսնում ենք բազմաթիվ հայտարարություններ` հրապարակված թե՛ տուրիստական գործակալությունների կողմից, թե՛ ռեստորանային համալիրներից, հյուրանոցերից և քոթեջներից:

 Auroranews-ը որոշեց պարզել, թե ինչ գներ են առաջարկում Հայաստանում գործող հյուրանոցները և ինչ պահանջարկ ունեն: 

 

Ըստ տուրիստական գործակալությունների` մարդիկ հավասարաչափ ամրագրում են ամանորյա փաթեթներ և Հայաստանում, և երկրից դուրս։  Մարդիկ հիմնականում գնում են Եգիպտոս, Դուբայ, ԱՄԷ: Հայաստանում թոփ եռյակը հետևյալն է` Ծաղկաձոր, Դիլիջան, Ջերմուկ:

 

«Վարդան թրեվլ» տուրիստական ընկերության տնօրեն Վարդան Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց.

 

«Այս օրերին և՛ ներգնա, և՛ արտագնա տուրերը սպառվում են հավասարաչափ: Այս պահին առաջին տեղում Եգիպտոսն է, քանի որ դետեմբերի 25-26-ի թռիչքները բավականին մատչելի են, հետո Էմիրությունները: Արժեքները կախված են թռիչքներից և հյուրանոցից, օրինակ` հենց հունվարի 30-31-ին ինչ-որ տեղ մեկնելու համար ստիպված կլինեք ամենաթանկ գինը վճարել: Մի քանի օր առաջ ամրագրելու դեպքում դեպի Եգիպտոս թռիչքները բավական մատչելի են եղել: Դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 2-ը հանգստանալու համար կարելի էր վճարել 220 հազար դրամ (սկսած)` all inclusive տարբերակով»:

 

«Անրիվա» տուրիստական ընկերությունից Auroranews-ին հայտնեցին, որ այս տարի ամանորյա փաթեթները հավասարաչափ են սպառվում: Մարկանց մի մասը նախատեսում է Ամանորն անցկացնել Հայաստանում, մյուս մասը` արտերկրում:

 

«Այս տարի քիչ պահանջարկ ունեն Ջերմուկի հյուրանոցները, այնտեղ ամանորյա գալա ընթրիք չկա: Սակայն կան մարդիկ, որոնք իրենց հանգստյան օրերը ցանկանում են քաղաքից դուրս ինչ-որ հյուրանոցում անցկացնել»- ասաց աշխատակից, սպասարկող-մենեջեր Նաիրան` հավելելով, որ նման դեպքերում արդեն Ջերմուկի տարբերակը հետքրքրում է նրանց: 

 

Որոշեցինք ճշտել` որքան արժե ամանորյա հանգիստը Հայաստանի ամենապահանջվածը համարվող քաղաքում` Ծաղկաձորում, և տեսնել, թե որքանով է հակառակորդի հարձակումը ազդել Ջերմուկ քաղաքի զբոսաշրջային պահանջարկի վրա:

 

Ընտրելով համապատասխանաբար հինգ, չորս, երեք աստղանի հյուրանոցներ` պարզեցինք, թե որքան կարժենա ամանորյա հանգիստը երկու հոգու համար:

 

Ծաղկաձորում գործող «Ավրորա Ռեզորթ» 

 

Դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը սահմանափակ տեղեր կային, դրանց արժեքները կարող են զեղչերով հաշվարկել: Երկու անձնի համար առանձին մահճակալներով սենյակի արժեքը 550 հազար դրամ էր, որը զեղչվելու էր մինչև 450 հազար դրամ:

Դելյուքս համարում երկտեղանի մահճակալը արժեր 690 հազար, կարող էինք 190 հազար դրամ զեղչ անել:

 

Ծաղկաձորում գործող «Ռոսիա» հյուրանոց

 

Այստեղ նույն օրերի համար արդեն ազատ տեղեր չունեին` ո'չ ստանդարտ, ո'չ լյուքս սենյակներում: Ազատ սենյակներ առաջարկեցին հունվարի 3-ից 6-ը ընկած ժամանակահատվածի համար` 2 անձը 400 հազար դրամով:  Ընդգծենք, որ նույնիսկ այս օրերի համար ազատ Լյուքս սենյակներ չկային: Աշխատակիցը նշեց, որ սենյակներն արժեցել են 1 մլն. 450 հազար դրամ:

 

Ծաղկաձորում գործող «Էլեգանտ» հյուրանոց 

 

Այստեղ ամանորյա փաթեթ ունեին միայն 31.22-2.23 ամսաթվով: Երկտեղանի սենյակները սպառվել էին, իսկ առանձին մահճակալներով միակ սենյակը երկու անձի համար արժեր 250 հազար դրամ: Հյուրանոցում 1 գիշեր անցկացնելու համար հարկ է վճարել 100 հազար դրամ (նախաճաշով): Եթե գալա ընթրիքին մասնակցելու ցանկություն կա, ապա յուրաքանչյուր անձի համար պետք է ավելացնել ևս 25 հազար դրամ: Այստեղ դեռևս չամրագրված երկտեղանի լյուքս համարներ կային. 1 գիշերն արժեր 190 հազար, որի մեջ ներառված չէր գալա ընթրիքի գումարը:

 

Ծաղկաձորում գործող «Ալպինա» հյուրանոց 

 

Այստեղից ասացին, որ ազատ համարներ չունեն: Աշխատակիցն նշեց, թե նոր աշխատող է և չգիտի` նշված շրջանի համար սենյաներն ինչ արժեք են ունեցել: 

 

Ծաղկաձորում գործող «Գրողների տուն» հյուրանոց 

 

Ամանորյա ամրագրումները սկսվում են 31.22-3.23 ամաթվով, ազատ սենյակներ դեռ կան, արժեքի մեջ ներառված է գալա ընթրիք, շոուներ, համերգներ  և այլն: Երկտեղանի համարն արժեր 310 հազար դրամ, արժեքը կարող էին 40 հազար դրամով զեղչել: Լյուքս ընտանեկան սենյակը` նախատեսված 3 անձի համար արժեր 450 հազար: Նշեցին, որ հյուրերը հիմնականում հայեր են:

 

Ծաղկաձորում գործող «Արծվիկ» հյուրանոցից 

 

Ունեին միայն 1 երկտեղանի համար, որն արժեր 270  հազար դրամ: Նշեցին` կարող են արժեքը 50 հազար դրամով զեղչել, քանի որ վերջինն է: Լյուքս համարներ ևս չունեին. դրանք վաճառել էին անձը 145 հազար դրամով, որի մեջ ներառված է ամանորյա գալա ընթրիք, նախաճաշ, ընթրիք, ձմեռ պապի և ձյունանուշի ծառայություն: Աշխատակիցը պատասխանեց, որ հյուրերը հիմնականում հայեր են. հյուրերից միայն հինգն են ազգությամբ ռուս:

 

 

Չնայած սեպտեմբերին թշնմին հարձակում գործեց նաև Ջերմուկ քաղաքի ուղղությամբ` հյուրանոցներում  շարունակում են ակտիվորեն սպառվել առկա համարները:

 

«Ջերմուկ Հոթել ընդ ՍՊԱ» 

 

Այստեղ 600 հազար դրամ արժեցող լյուքս սենյակները սպառվել էին: Նշենք, որ հյուրանոցը հյուրերին որևէ տոնական ծրագիր չի առաջարկում: Ստանդարտ սենյակն արժե 75 հազար դրամ` 3 անգամյա սնունդով:

 

«Jermuk Moscow Health Resort» 

 

Այստեղ դեռ ազատ տեղեր ունեին: Երկու անձի համար նախատեսված ստանդարտ սենյակները արժեին 60 հազար դրամ` 3 անգամյա սնունդով, իսկ լյուքս համարը` 70 հազար դրամ: Ինչպես մյուս  հյուրանոցներից մի քանիսի դեպքում, այստեղ նույնպես լինելու էր խաշի հյուսասիրություն: Աշխատակիցը նշեց, որ հյուրերը միայն հայեր չեն, ունեն նաև օտարերկրացի հյուրեր:

 

«Անի» հյուրանոց

 

Այստեղ ազատ սենյակներ դեռ կան: Երկտեղանի սենյակն 2 հոգու համար արժեր 120 հազար դրամ` 3 անգամյա սնունդով: Դելյուքս համարը նույն պայմաններով արժեր անձը 120 հազար դրամ: Հյուրանոցը ամանորյա միջոցառումներ չի կազմակերպել, սակայն առաջարկում էին երեկոյան ընթրիքն ամրագրել «Ջերմուկ» ռեստորանում` առանձին վճարելով պատվերների համար:

 

«Նաիրի» հյուրանոց

 

Այս հյուրանոցում ազատ տեղեր կային: 1 օրը երկու անձի համար արժեր 60 հազար դրամ` 3 անգամյա սնունդով, իսկ լյուքս սենյակը կարող էին ստանդարտի արժեքով տրամադրել: Նշեցին նաև, որ իրենց մոտ մարդկանց հոսքը լինելու է հունվարի 2-ից հետո: Ասացին, որ այդ օրերին ունենալու են նաև ռուս հյուրեր: 

 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ