Միրզոյանը հանդիպել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին՝ Մարչին Վիդռայի գլխավորությամբ, տեղեկությունը հայտնում են արտգործնախարարությունից: Խումբը Հայաստան է գործուղվել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:

 

Կողմերն անդրադարձ են կատարել դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին: Այս համատեքստում նախարար Միրզոյանը բարձր է գնահատել դիտորդական առաքելության դերը տարածաշրջանում կայունության ամրապնդման ու Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիաների կանխարգելման գործում և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը։

Հիշեցնենք` դեկտեմբերի 26-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ եվրոպական դիտորդների նոր տեխնիկական առաքելությունն արդեն Հայաստանում է, իսկ հոկտեմբերին Հայաստան ժամանած դիրտորդական խումբն ավարտել է իր առաքելությունը։

 

ԵՄ դիտորդների նախորդ առաքելությունը Հայաստան էր ժամանել հոկտեմբերին` 2 ամիս ժամկետով։

 

Դեկտեմբերի 19-ին Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ–ն մտադիր է Հայաստանում նոր, երկարաժամկետ առաքելություն տեղակայել քաղաքացիական մոնիթորիգի խմբի գործունեության ավարտից հետո։

Քաղաքականություն