Անհետ կորածներին վաղուց չեն որոնում. Թովմասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած համարվող մոտ 200 անձանց որոնողական աշխատանքները դադարեցվել են դեռևս 2022 թվականի հունվար ամսից: Այս մասին ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում:

 

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ 2022թ.-ի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական վերջին սադրանքի և 2020թ.-ի 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած համարվող անձանց վայրը պարզելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են:

 

«Ցավում եմ, որ երկրի վարչապետը չի տիրապետում նման կարևոր տեղեկության կամ իմիտացիա է անում, թե ամեն հարցով զբաղվում է: Որոնողական աշխատանքները դադարեցվել է Ադրբեջանի միակողմանի որոշմամբ»,-ասել է Թովմասյանը:

 

Նա ընդգծել է, որ այս հարցը բազմիցս քննարկել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի իր գործընկերների հետ, ահազանգել մարդու իրավունքների հարցերով զբաղվող աշխարհի տարբեր կառույցների և կենտրոնների:

 

«Առ այսօր որևէ դրական տեղաշարժ չկա: Լավ կլիներ, որ ասուլիսին պատրաստվելուց առաջ համապատասխան տեղեկությունները ճշտեր երկրի թիվ մեկ պաշտոնյան. անլուրջ է այս ամենը»-նշել է պատգամավորը:

 

Փաշինյանն ասել էր նաև, որ հիմա գերիների, անհետ կորածների հանձնաժողովը վերակազմավորվել է ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ և աշխատում են, որ մինչև խնդիրը չլուծվի:

Քաղաքականություն