Արցախից հաստատում են՝ ադրբեջանական կողմի հետ հանդիպում եղել է. մանրամասներ

 Արցախից հաստատում են, որ Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչները նախօրեին Լաչինի հարցով հանդիպել են Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, ինչի մասին այսօր ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ըստ նրա՝ հանդիպմանը ներկա է եղել ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Վոլկովը: 

Սերգեյ Լավրովը նաև պնդել էր, թե ճանապարհի բացման հարցը շուտով կլուծվի։ Մինչդեռ, Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք- ՔՄԴ» իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ որևէ պայմանավորվածություն ձեռք չեն բերել: Նա նաև չմանրամասնեց, թե ովքեր են մասնակցել այդ հանդիպմանը: 

Լրատվականը հարցրել է.  «Սերգեյ Լավրովն ասել է, որ հանդիպում է եղել արցախցիների և ադրբեջանցիների միջև՝ Վոլկովի մասնակցությամբ, և հույս է հայտնել, որ առաջիկայում բացվելու է ճանապարհը: Դուք տեղյա՞կ եք՝ երբ է հանդիպումը տեղի ունեցել, ովքեր են մասնակցել, և իսկապես կա պայմանավորվածություն, ինչի արդյունքում ճանապարհը կբացվի»: 

Հարությունյանը, պատասխանելով հարցին, ասել է. «Իմ տեղեկություններով՝ այդտեղ հանդիպումը եղել է երկուշաբթի օրը, որևէ պայմանավորվածություն այս պահի դրությամբ չկա»: 

 

Հնարավոր հանգուցալուծման մասին լրատվականի հարցին Հարությունյանը պատասխանել է, որ նման տեղեկություն ևս չունի, միայն այն է հստակ, որ որևէ պայմանավորվածություն չկա:


Ավելի վաղ՝ երեկ, Ռուսաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ և ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ընդգծել Լաչինի միջանցքով լիարժեք երթևեկության շուտափույթ վերականգնման անհրաժեշտությունը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության չափանիշների հիման վրա։

Քաղաքականություն

Պատահարներ